
Գյումրու ռուսական ռազմաբազան շուտով կստանա տարածաշրջանում համարժեքը չունեցող հրթիռային սպառազինություն. աղբյուր

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ`Գյումրիում գտնվող ռուսական 102-րդ ռազմաբազան սկսել է լրջորեն վերազինվել: Այս մասին գործակալությանը հայտնել է Ռուսաստանի զինված ուժերում առկա աղբյուրը:
Վերջինիս հաղորդմամբ` Գյումրու ռուսական ռազմաբազան սկսել է ստանալ նորագույն ծանր տեխնիկա, իսկ շուտով կստանա հրթիռային լուրջ սպառազինություն, որի համարժեքը գոյություն չունի տարածաշրջանում.
«Ամենայն հավանականությամբ, խոսքը գնում է Искандер-М օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի և Торнадо համազարկի համակարգի մասին»:
Պետք է ընդգծել, որ Искандер-М-ը կարող է ճշգրիտ հարվածներ հասցնել մինչև 500 կիլոմետր հեռավորության վրա ընկած թիրախներին, ընդ որում` հրթիռի թռիչքի հետագծի առանձնահատկությունների հետ կապված` այն կործանելը հնարավոր չէ հակահրթիռային պաշտպանության` գոյություն ունեցող կամ մշակվող համակարգերի կողմից:
Օրեր առաջ էլ Оружие России պարբերականը հայտնել էր, որ Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազա են բերվել ղեկավարման շարժական նոր կետեր` նախատեսված զենիթա-հրթիռային ստորաբաժանումների համար: