Բացահայտում. Ի՞նչ են խոսել Քոչարյանը, Ջհանգիրյանը և Հոկտեմբերի 27-ի զոհերի կանայք՝ նախագահականում

Վերջերս մի շարք կայքերում տարածվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ցուցմունքը՝ Հոկտեմբերի 27-ի գործով: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում Յուրի Բախշյանի կինը՝ Անահիտ Բախշյանը, երբ մեկնաբանում էր Ռոբերտ Քոչարյանի ցուցմունքի որոշ նախադասություններ, բացահայտեց այդ ժամանակաշրջանում կատարված մի դրվագ՝ որոշ մանրամասներով:

Անահիտ Բախշյանի պատմելով՝ «2000-ի ապրիլի 7-ին Ռոբերտ Քոչարյանը Կանանց տոնի առթիվ ինձ հրավիրել էր նստավայր: Գորիսում իմ սկեսուր մայրիկի թաղումից հետո ես եկել եմ այդ հանդիպմանը: Գնացի, որ իրեն ասեի, որ մենք՝ զոհվածների կանայքս, ուզում ենք հանդիպել ձեզ հետ: Եկել եմ դա ասեմ, դրա համար եմ եկել, որովհետեւ այն ժամանակ իր աշխատակազմի ղեկավարը Արմեն Գեւորգյանն էր, անընդհատ զանգում էի, ինձ խոստանում էր՝ այո, այո, այո, ու այդպես էլ չէր կազմակերպում հանդիպում: Ես ապրիլի 7-ին դրա համար գնացի, որ ասեմ: Դրանից հետո էլի ձգձգվեց, մինչեւ Արամ Սարգսյանին վարչապետությունից հանեց, նոր դրանից հետո՝ մայիսի 7-ին կանչեց: Այդ ընդունելության ժամանակ բոլոր կանայքս էինք: Ունեցանք շատ ծանր խոսակցություն: Ինքը բոլորովին այն տոնով ու կերպարով չէր, ինչ որ մեր տուն էր եկել: Ճիշտ հակառակը: Երբ տիկին Ռիման սկսեց հարցաքննել, հարցախեղդ անել, թե ինչպե՞ս կարող էր տեռորիստը մտնել Ազգային ժողով, ինչպե՞ս կարող էր, ինչպե՞ս թույլ տվեցիք, ո՞ւր էր անվտանգությունը, ո՞ւր էր պետական անվտանգության նախարարը: Քոչարյանը լսեց եւ ասեց՝ Դեմիրճյանն էր մեղավոր, որովհետեւ ինքը հրաժարվել էր թիկնապահներից: Տիկին Ռիման ինչքան բարկացավ, նյարդայնացավ, ասեց՝ բավակա՛ն է, բավակա՛ն է այդ անհեթեթ բանը ասեք: Ես խոսում եմ ԱԺ-ի դահլիճի մասին, դուք ասում եք՝ Դեմիրճյանը հրաժարվեց Պողոսի թիկնապահից»:

Aravot.am-ի հետ զրույցում տիկին Բախշյանը նշել է, որ դրանից հետո ողջ զրույցը շատ լարված մթնոլորտում է ընթացել. «Երբ հերթը ինձ հասավ, ես ասեցի՝ պարոն Քոչարյան, զինդատախազ Ջհանգիրյանը անձամբ ինձ ասել է, որ իմ ձեռքերը կապում են, ինձ չեն թողնում աշխատել, դուք ինձ չեք օգնում, ի՞նչ է սա նշանակում: Նա հեռախոսը վերցրեց, հանձնարարեց Գագիկին գալ: 5 րոպե հետո Ջհանգիրյան Գագիկը հայտնվեց այդ սենյակում, նստեց մեզ թիկունքով՝ մեր ետեւում, ոչ մեկս դեմքը չէինք տեսնում: Եվ Քոչարյանը հարցրեց՝ Գագո՛, տիկին Անահիտն ասում է դու էսպիսի բան ես ասել: Ասեց՝ ես այդպիսի բան չեմ ասել: Ես շրջվեցի ու ասեցի՝ դուք տղամա՞րդ եք․․․ Այդ օրը մենք առանց ցտեսություն ասելու, առանց որեւէ մեկի ուղեկցությամբ ուղղակի վեր կացանք եւ դուրս եկանք այդ կաբինետից: Դա եղել է վերջին անգամ, որ հանդիպել եմ ես Ռոբերտ Քոչարյանի հետ ու չէի ուզենա երբեք, որ հանդիպեի»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս