Գերմանացիները՝ էկոնոմիկայի նախարարությունում
Մայիսի 14-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ընդունել է Գերմանիայի էկոնոմիկայի Արևելյան հանձնաժողովի գործադիր տնօրեն պրոֆեսոր Ռայներ Լինդների գլխավորած պատվիրակությանը:
Պատվիրակության կազմում էին Կառլսռուհեի առևտրի և արդյունաբերության պալատի արտաքին տնտեսական կապերի հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Վ. Հուբերը, Բադեն Վյուրտենբերգ երկրամասում ՀՀ պատվո հյուպատոս Գ.Պիլարսկին և մի շարք գերմանացի գործարարներ:
Ողջունելով հյուրերին Հայաստանում գտնվելու կապակցությամբ` Էկոնոմիկայի նախարարը վստահեցրել է, որ գերմանացի գործընկերների հետ իրականացվող համատեղ ծրագրերը և ձևավորված գործընկերային հարաբերությունները կկրեն շարունակական բնույթ, ինչպես նաև ցանկություն է հայտնել քննարկել ներդրումային նոր նախաձեռնություններ և գաղափարներ:
«Արտաքին ներդրումների ծավալների աճը լինելու է մեր ուշադրության կենտրոնում, և Էկոնոմիկայի նախարարությունն իր իրավասությունների շրջանակներում պատրաստակամ է աջակցելու առավել բարենպաստ ներդրումային միջավայրի ստեղծմանը, որպեսզի ներդրողներն իրենց առավել պաշտպանված զգան Հայաստանում», – ասել է Էկոնոմիկայի նախարարը` հավելելով, որ կցանկանար լսել այն բոլոր խնդիրների մասին, որոնք խոչընդոտում են գերմանացի գործարարների աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելուն:
Գերմանիայի էկոնոմիկայի արևելյան հանձնաժողովի գործադիր տնօրեն Ռայներ Լինդները շնորհավորել է ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարարին` պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Նա նշել է, որ իրենք հետաքրքրված են Հայաստանում ներդրումների ծավալների մեծացմամբ և նոր նախագծերի շրջանակներում երկկողմ համագործակցությամբ:
Հանդիպման ժամանակ գերմանացի գործարարները Էկոնոմիկայի նախարարին ներկայացրել են իրենց ներդրումային ծրագրերը, մասնավորապես` արդյունաբերության, շինարարության, գյուղատնտեսության և այլ բնագավառներում: Կողմերը քննարկել են նաև երիտասարդ մասնագետների վերապատրաստման դասընթացների կազմակերպման հնարավորությունները: