Բաժիններ՝

Կենտրոնական բանկը փողի գինը թողեց նույնը

2013 թ. մայիսի 14-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8.0%: Այս մասին տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
2013 թ. ապրիլին արձանագրվել է 0.1% գնանկում, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը կազմել է 3.9%՝ գրեթե համընկնելով գնաճի նպատակային ցուցանիշի հետ: ՀՀ ԿԲ գնահատումների համաձայն, մինչև երկրորդ եռամսյակի վերջ 12-ամսյա գնաճը կավելանա՝ գտնվելով տատանման թույլատրելի միջակայքի վերին հատվածում, իսկ կանխատեսվող հորիզոնում կկայունանա նպատակային ցուցանիշի շուրջ:
Խորհուրդն արձանագրեց, որ համաշխարհային պահանջարկը մնում է ցածր, և հիմնական հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներում երկրորդ եռամսյակի սկզբին նկատվել են գնանկումային դրսևորումներ:
Խորհուրդը գնահատեց, որ կարճաժամկետ հատվածում ակնկալվում է գյուղատնտեսական ապրանքների գների որոշակի աճ՝ պայմանավորված նախորդ տարում դրսևորված գյուղատնտեսության առաջարկի շոկի մարմամբ, ինչը կչեզոքացնի գնաճի վրա արտաքին հատվածից սպասվող գնանկումային ազդեցությունը: Միևնույն ժամանակ, 2013թ. առաջին եռամսյակում ՀՀ տնտեսությունում տնտեսական ակտիվությունը շարունակել է մնալ բավականին բարձր՝ պայմանավորված հիմնականում արդյունաբերության և ծառայությունների (հատկապես առևտրի ծավալների) բարձր աճերով, ինչն էլ այս եռամսյակ ևս ուղեկցվել է մասնավոր սպառման բարձր աճով: Նշենք, որ վերջինիս ազդեցությունը ներքին գների վրա հիմնականում մեղմվել է առաջին եռամսյակում Կառավարության կողմից իրականացված Դրամավարկային քաղաքականության առաջին եռամսյակի ծրագրի բազային սցենարի համեմատ առավել զսպող հարկաբյուջետային քաղաքականությամբ:
Հաշվի առնելով վերոնշյալ զարգացումները՝ ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում շարունակել չեզոք դրամավարկային քաղաքականության իրականացումը: Այդ պարագայում գնահատվում է, որ կանխատեսվող հորիզոնում 12-ամսյա գնաճը կպահպանվի 4.0% նպատակային ցուցանիշի շրջակայքում:
Այդուհանդերձ, Խորհուրդը գնահատում է, որ կարճաժամկետ հատվածում հնարավոր են գնաճային ռիսկեր՝ կապված վերջին օրերին եղանակային վատ պայմանների՝ գյուղատնտեսության վրա ունեցած ազդեցության և էներգակիրների սակագների հավանական վերանայման հետ: Այս ռիսկերի դրսևորման պարագայում ԿԲ խորհուրդը չի բացառում տոկոսադրույքի հետագա ճշգրտման հնարավորությունը:
Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մայիսի 24-ին հրապարակվելիք Գնաճի հաշվետվությունում (Դրամավարկային քաղաքականության 2013թ. երկրորդ եռամսյակի ծրագրում):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս