Վանո Սիրադեղյանը կմիանա ՀՀՇ-ի՞ն, թե՞ ՀԱԿ-ին
Այսօր հրավիրված մամլո ասուլիսում ՀՀՇ հիմնադիր մի քանի անդամներ հանդես եկան հայտարարությամբ, որով ազդարարվեց Հայոց համազգային շարժում կուսակցության վերականգնման մասին: Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին հրավիրված ՀՀՇ 18-րդ արտահերթ համագումարում որոշում էր կայացվել կուսակցությունը վերանվանել «Հայ ազգային կոնգրես»:
Վերածնված ՀՀՇ-ի հիմնադիրներից հետաքրքրվեցին, թե արդյոք ՀՀՇ վարչության նախկին նախագահ Վանո Սիրադեղյանը, ով այժմ հետախուզման մեջ է, տեղյա՞կ է այս մասին:
Այս մասին Արարատ Զուրաբյանը նշեց, որ ինտերնետի դարում ցանկացած մարդ կարող է օգտվել լրատվությունից և տեղեկանալ:
«Վանո Սիրադեղյանը երբևէ մեզ չի զանգում»,- ասաց նա:
Հնչեց նույնիսկ այսպիսի հարց, թե արդյոք Սիրադեղյանը գրո՞ւմ է ինտերնետով իր կուսակցական ընկերներին, ինչին ի պատասխան Ա.Զուրաբյանն ասաց, որ ցավում է այն փաստի համար, որ որևէ կապ չունեն Վանո Սիրադեղյանի հետ, սակայն նա նույնպես ՀՀ քաղաքացի է, և եթե ուզենա իր տեսակետն այս հարցի մասին հայտնել, կհայտնի:
Իսկ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը հիշեցրեց, որ Վանո Սիրադեղյանն ընտրվել է Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ և որևէ հայտարարություն չի արել, որ համաձայն չէ ՀԱԿ-ի կազմում մնալու հետ:
«Եվ նաև չի հայտարարել, որ համաձայնվում է»,-ժպտալով ավելացրեց Արարատ Զուրաբյանը:
Սակայն կարծես Վանո Սիրադեղյանի վերաբերյալ հետաքրքրությունը ոչ մի կերպ չէր մարում. «եթե Վանո Սիրադեղյանն իմանա, որ ՀՀՇ-ն կազմաքանդվել է, ինչպե՞ս կզգա իրեն»,- հարցրեց մի լրագրող:
«Հովհաննես Թումանյանը որ իմանա` այսօր Հայաստանում ինչ է կատարվում, ի՞նչ կասի»,- հակադարձեց Ա.Արզումանյանը
Իսկ Արարատ Զուրաբյանն իր հերթին առաջարկեց հանգիստ թողնել Վանո Սիրադեղյանին` նշելով, որ վերջինս քաղաքական հալածյալ է: