Արարատ Զուրաբյանը` Լևոն Տեր-Պետրոսյանին. «Մեծերի իրավունքն է` ժամանակ առ ժամանակ անել արտահայտություններ»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայոց համազգային շարժում կուսակցության հիմնադիր անդամներ Արարատ Զուրաբյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Հովհաննես Իգիթյանը և Կարապետ Ռուբինյանը այսօր հանդես եկան հայտարարությամբ ` ՀՀՇ-ն վերականգնելու վերաբերյալ:

Այս հարցի քննարկման շուրջ նշված գործիչները հանդես եկան նաև մամլո ասուլիսով, որի ընթացքում ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանին խնդրեցին մեկնաբանել ՀԱԿ կուսակցության ներկայացուցիչների այն հայտարարությունը, որ իրենք են ՀՀՇ-ի իրավահաջորդը:

Այս մասին Արարատ Զուրաբյանը նշեց հետևյալը. «ՀՀՇ-ն մի տուն է, որից շատերն են դուրս եկել, և կարծում եմ` իրավունքներ ունեն այդ տան վերաբերյալ: Բնականաբար, թե´ Հայ ազգային կոնգրեսի ստվար հատվածը` մարդիկ, ովքեր այսօր Կոնգրեսում են, իրավահաջորդն են ՀՀՇ-ի, և թե´ մենք ենք իրավահաջորդը ՀՀՇ-ի: Եվ պատմությունը չի կարելի ջնջել և ասել, թե, օրինակ, Ալեքսանդր Արզումանյանը կամ Կարապետ Ռուբինյանը ՀՀՇ-ում չեն եղել: Մենք բոլորս ՀՀՇ-ի հիմնադիր անդամներ ենք և առաջին համագումարի մասնակիցներ ենք, և այնպես է ստացվել, որ այս ՀՀՇ-ի իրավահաջորդությունը պահպանելու են այս երկու քաղաքական ուժերը: Սակայն մի փոքր դիտողություն կա, որին անհրաժեշտ է ուշադրություն դարձնել. երբ տեղի էր ունենում կուսակցության անվանափոխման գործընթացը, ճիշտն ասած` այնքան էլ անվանափոխման գործընթաց չէր` գոնե իմ գնահատմամբ, որովհետև ի սկզբանե հայտարարվեց, որ ստեղծվում է նոր կուսակցություն` Հայ ազգային կոնգրես…Սակայն հետագայում նրանք գտան, որ ավելի ճիշտ է սա, և տեղի ունեցավ ֆորմալ անվանափոխություն: Ինչո՞ւ եմ սրան ասում ֆորմալ անվանափոխություն, որովհետև եթե անվանափոխվեր կուսակցությունը, դա բնական պրոցես կարելի էր համարել, բայց միաժամանակ տեղի ունեցավ գաղափարախոսության փոփոխություն` փաստորեն հայտարարվեց, որ ՀՀՇ-ն իր գաղափարախոսությունն ավելի է ընդարձակում և որոշակիորեն շեղվում է այն գաղափարական սկզբունքներից, որին դավանել է… Այսինքն` այստեղ մի հարց կա` ՀՀՇ-ի իրավահաջորդը պետք է լինի նաև նրա գաղափարախոսության իրավահաջորդը: Մենք այդպիսին ենք մեզ համարում»:

Շարունակելով հարցի իրավական կողմի քննարկումը` բանախոսներն ընգծեցին, որ նոր կուսակցությունն ունենալու է Հայոց համազգային շարժում անվանումը, և այդ առիթով իրենք արդեն դիմել են Արդարադատության նախարարություն` ըստ օրենքի պահանջների, և գործընթացը դեռ ընթացքի մեջ է: Իսկ կուսակցության առաջին համագումարը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին:

Բնականաբար, լրագրողները չմոռացան հիշել ՀՀՇ վերջին համագումարում  կուսակցության վերաբերյալ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի արած հայտնի արտահայտության մասին, որ 2000-ից մինչև 2007 թ. ՀՀՇ-ն եղել է «գեղի կլուբ» կամ «աղանդ»:

«Որքա՞ն է հավանականությունը, որ նոր ՀՀՇ-ն չի վերածվի նախկին «գեղի կլուբի»»,- հարցրեց լրագրողը:

Ի պատասխան` նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը ասաց հետևյալը. «Ճիշտն ասած` ես «գեղի կլուբերի» մեծ փորձ չունեմ և երբևէ «գեղի կլուբերում»  չեմ աշխատել: Հարցրեք նրանց, ովքեր ունեն փորձ` «գեղի կլուբեր» կառավարելու: Իմ կարծիքով` մենք հպարտ ենք մեր անցյալով»:

Իսկ Արարատ Զուրաբյանը, ով 2002-ից մինչև 2010 թթ. եղել է ՀՀՇ-ի վարչության նախագահը, իր հերթին անդրադառնալով ՀՀ առաջին նախագահի արտահայտությանը, նշեց, որ Տեր-Պետրոսյանի այդ արտահայտությունն, իր կարծիքով, հաճելի չէր այդ համագումարում ներկա բազմաթիվ ՀՀՇ-ականների համար:

«Փառք Աստծո, մեզ ինչում ասես մեղադրել են այս կյանքում, բայց նման գնահատական…Ինչևէ, մեծերի իրավունքն է ժամանակ առ ժամանակ անել արտահայտություններ, սակայն եկեք ֆիքսենք, որ մարդիկ իրենք են ցանկացել անվանափոխվել և գնալ այլ ճանապարհով: Ես բարի երթ եմ ցանկանում նրանց: Միգուցե, կյանքի ընթացքում նրանք կարողանան շատ ավելի համոզիչ լինել հասարակության համար: Դա էլ չենք բացառում: Սակայն մենք կփորձենք, հակասության մեջ չմտնելով, ապացուցել, որ մեր գաղափարախոսությունը և մեր քաղաքական ճանապարհն ավելի ճիշտ է»,- ասաց Արարատ Զուրաբյանը:

 

Վերածնված ՀՀՇ-ի հիմնադիրների մամլո ասուլիսի տեսանյութը` ավելի ուշ

Տեսանյութեր

Լրահոս