Ռուսաստանն ու Իսրայելը պայմանավորվել են Սիրիայի վերաբերյալ իրենց շփումների շարունակման շուրջ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանն ու Իսրայելը Սիրիայում տիրող իրավիճակի կարգավորմանն ուղղված ջանքերի շրջանակներում շարունակելու են բարձր մակարդակով և հատուկ ծառայությունների գծով շփումները:
Այս մասին Սոչիում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ վարած բանակցությունների արդյունքում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Վերջինս լրագրողների հետ զրույցում հայտարարել է. «Մենք պայմանավորվել ենք շարունակել շփումները թե՛ անձնական մակարդակով, թե՛ մեր կազմակերպությունների ու հատուկ ծառայությունների գծով»:
Նա ընդգծել է, որ Իսրայելի վարչապետի հետ փոխըմբռնման է եկել այն բանի շուրջ, որ Սիրիայում զինված հակամարտության շարունակումը հղի է և՛ նրա համար, և՛ ողջ տարածաշրջանի համար ամենակործանարար հետևանքներով: Պուտինի ու Նեթանյահուի բանակցություններին մասնակցել են ՌԴ ՊՆ-ի աշխատակիցները:
Միևնույն ժամանակ որևէ բան չի հաղորդվում Սիրիային ռուսական ՀՕՊ-ի համակարգերի շուրջ Պուտինի ու Նեթանյահուի միջև բանակցությունների մասին: Որոշակի տվյալներով՝ Նեթանյահուն առաջին հերթին Սոչի է ժամանել, որպեսզի Պուտինին համոզի այդ համակարգերը չհատկացնել Սիրիային: