Հովիկ Աբրահամյանը բողոքել է նախագահին
168.am-ի տեղեկություններով՝ ՀՀԿ խորհրդի վերջին նիստում, կառավարության կազմի հաստատումից բացի, նաև մեկ այլ հետաքրքիր խոսակցություն է եղել։
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մայիսի երկուսին նկատողություն էր արել ԱԺ նիստերից բացակայող պատգամավորներին՝ հորդորելով տարրական կուլտուրա ունենալ, չբացակայել նիստերից ու նիստերի ժամին չքայլել միջանցքներում:
Իսկ հետո Հ.Աբրահամյանի կարգադրությամբ հրապարակվեց մայիսի 2-ի նիստից բացակայող պատգամավորների ցուցակը:
Սակայն Հովիկ Աբրահամյանն այսքանով չի սահմանափակվել։ Սեփական կուսակցության անդամ-պատգամավորների վերաբերմունքի մասին նա բողոքել է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին՝ խնդրելով կարգի հրավիրել նրանց։ Նախագահն էլ այդ հարցով մի թեթև կշտամբել է խորհրդարանականներին մայիսի 7-ին տեղի ունեցած ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ՝ հորդորելով հարգանք ցուցաբերել և քիչ բացակայել ԱԺ նիստերից։
Մեր տեղեկություններով՝ այս քայլի արդյունքում Հովիկ Աբրահամյանի նկատմամբ դժգոհությունը պատգամավորների շրջանում միայն մեծացել է։ Նրանք գտնում են, որ նիստերին ներկա գտնվելը պարտադիր չէ, քանի որ դահլիճում տեղի ունեցող իրադարձություններին կարող են հետևել նաև իրենց աշխատասենյակներից։ Իսկ ԱԺ նախագահի քայլը ընկալվում է որպես թուլության նշան. նա ինքնուրույն չի կարողանում կարգուկանոն հաստատել սեփական հիմնարկում և դիմում է հանրապետության նախագահի օգնությանը։
Ամենայն հավանականությամբ, ԱԺ հաջորդ նիստին ՀՀԿ-ական պատգամավորների թիվը դահլիճում ավելի մեծ կլինի. նրանք «տարրական կուլտուրա» կցուցաբերեն և այլոց ելույթների ժամին միջանցքներում չեն քայլի։ Սակայն դա տեղի կունենա ոչ թե Հովիկ Աբրահամյանի և նրա կողմից անպարտաճանաչ պատգամավորների ցանկի հրապարակման արդյունքում, այլ՝ Ս.Սարգսյանի միջամտության։