ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական 4 ընկերությունների և 1 մասնավոր անձի նկատմամբ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական 4 ընկերությունների և 1 մասնավոր անձի նկատմամբ, որոնք խախտել են չտարածման ռեժիմը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Պատրիկ Վենտրելը:

Վերջինիս խոսքերով՝ պատժամիջոցների տակ ընկած 4 ընկերությունները և մասնավոր անձն Իրանի կառավարությանը մատակարարել են այնպիսի ապրանքներ ու տեխնոլոգիաներ, որոնք մեծացնում են ուրանի հարստացման հնարավորությունները:

Պատժամիջոցներով ամերիկացիների վրա արգելք է դրվում այդ կազմակերպությունների հետ ամեն տիպի գործարքներ կնքելու վրա, ինչպես նաև սառեցվում է ԱՄՆ-ում նրանց հնարավոր ակտիվները:

Խոսքը գնում է իրանական Aluminat, Pars Amayesh Sanaat Kish, Pishro, Taghtiran Kashan ընկերությունների, ինչպես նաև Իրանի քաղաքացի Փարվիզ Կխակիի մասին: ԱՄՆ-ի իշխանությունների տվյալներով՝ Փարվիզն ապահովել է ուրանի հարստացման ցենտրիֆուգների ստեղծման համար սարքավորումների առաքումը:

Վենտրելը հավելել է, որ ԱՄՆ-ը շարունակում է հետաքննել և հետազոտել նմանատիպ գործունեությունը և կարող է հետագայում անվանել այլ կազմակերպություններ, որոնք նպաստում են Իրանում զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) կամ դրա փոխադրման միջոցների ստեղծմանը: Վենտրելն ընդգծել է, որ չտարածման ռեժիմի խախտման հարցում կասկածի տակ է հայտնվել նաև իրանա-վենեսուելական բանկը:

Տեսանյութեր

Լրահոս