Բաժիններ՝

Փոխնախարարը «քաշվեց». մամուլ

ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի նախկին նախագահ, սպորտի փոխնախարար Սամվել Խաչատրյանը փետրվարի սկզբին բաց նամակ հղեց ՀՀ նախագահի խորհրդական Յուրի Վարդանյանին, ով համարձակվել էր քննադատել սպորտում տիրող վիճակը և, մասնավորապես, օլիմպիական խաղերում Հայաստանի անհաջողությունները, որոնք սովորաբար նույնացվում են ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Նրա նամակը հատկապես լայնորեն լուսաբանվեց մամուլում և ԲՀԿ-ի ազդեցության տակ գտնվող ԶԼՄ-ներում: Այսօր, երբ Յուրի Վարդանյանը նշանակվել է սպորտի նախարար, արժե մտաբերել, թե ինչ էր գրում Սամվել Խաչատրյանը նրան: «Հրապարակ»-ը մի քանի արտահայտություն է հանել նամակից.

«Օլիմպիադայի ամենալարված օրերին, երբ մեր մարզիկներից մենք անձնազոհություն էինք ակնկալում և ամեն օր աղոթում նրանց հաջողության համար, դու` Յուրիկ, սկսեցիր հարցազրույցներ տալ ու մեղադրել մարզաշխարհի ներկայացուցիչներին ու ղեկավարներին: Անկեղծ ասած` ես հույս ունեի, որ դա արել ես պահի ազդեցության տակ ու կրքերը հանդարտվելուց հետո կհասկանաս, որ սիրուն բան չեղավ, ու կփորձես մոռացության տալ կատարվածը: Բայց դրա փոխարեն դու շարունակեցիր նույն անպատվաբեր գործը:

Դու ինչ-որ մարդկանց դուր գալու համար անընդհատ փորձում ես չարախոսել մարզաշխարհի ղեկավարների, Գ. Ծառուկյանի ու նաև իմ համեստ անձի մասին: Այսօր իմ համբերության բաժակը լցվել է: Ես այլևս ֆեդերացիայի նախագահը չեմ ու կարող եմ անտեսել Ծառուկյանի պահանջը` չպատասխանել: Այսօր ես պատասխանելու եմ: Դու մեղադրում ես Գագիկ Ծառուկյանին մարզաշխարհից չհասկանալու, չաջակցելու և այլ մեղքերում: Բայց գոնե դու գիտես, որ քո որդին` ծանրորդ Նորայր Վարդանյանը, աշխատավարձ է ստացել և շարունակում է ստանալ անձամբ Գագիկ Ծառուկյանից: Մի ժամանակ` ամսական 500 հազար, իսկ անբավարար արդյունքներ ստանալուց հետո` 200 հազար դրամ:

Գոնե դու գիտես, որ քո որդու համար Ծառուկյանն ստեղծել է մարզվելու և կատարելագործվելու բոլոր պայմանները: Գոնե դու գիտես, թե քո մարզական անցյալը հարգելով՝ օլիմպիական կոմիտեի ղեկավարությունը որքան մեծ աջակցություն է ցուցաբերել քո որդուն…

Լավ, այսքանից հետո ինչպե՞ս կարող ես դու անընդհատ չարախոսել քեզ մշտապես ընդառաջած, ձեռք մեկնած մարդու ու մարդկանց մասին… Երկրի համար ամենադժվարին պահին հայրենիքը լքած մարդն իրավունք չունի պետական կամ մեկ այլ պատասխանատու պաշտոն ստանձնել: Մենք խրամատում էինք, իսկ դո՞ւ… Մենք երկրի հիմքերն էինք դնում, իսկ դո՞ւ… Յուրիկ, դու լավ մարզիկ ես եղել, լեգենդար մարզիկ, բայց ես քեզ ուղիղ հարց եմ տալիս` ի՞նչ տեսակ մարդ ես դու: Ո՞ր շահի համար ես դու ուրանում մարդկային պարզ նորմերը:

Բացիր աչքերդ, իսկական ողբերգություն է, որ նախկինում լեգենդար մարզիկին այսօր մարզաշխարհը չի ընդունում, մերժում է, համարում է օտար»:

Թերևս այս նամակի հեղինակն այլևս չի աշխատի նախարարությունում: Երեկ թերթը տեղեկացել է, որ փոխնախարարը փորձել է արդարանալ՝ ասելով, որ ինքը նամակի բովանդակությանը ծանոթ չի եղել, ԲՀԿ մամուլի աշխատակիցները պարզապես իրեն տեղեկացրել են, որ իր անունից նման նամակ են տարածում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս