3D տպիչով ամերիկացին ատրճանակ է «տպել» (լուսանկարներ, տեսանյութ)
Ամերիկացի զինագործ էնտուզիաստ Քոդի Ուիլսոնը մշակել և հաջողությամբ փորձարկել է ատրճանակը, որի հիմնական մասերը ստեղծված են պլաստիկից ու տպվել են 3D տպիչի միջոցով: Ինչպես հաղորդում է Forbes-ը, ատրճանակին տվել են Liberator (Ազատարար) անվանումը՝ ի պատիվ մեկանգամյա օգտագործման զենքի, որը օգտագործում էին ֆրանսիական դիմադրության զինվորները՝ երկրորդ համաշխարհային պատերազի տարիներին:
Ինչպես հրատարակչությանը պատմել է Ուիլսոնը, ատրճանակի 16 բաղադրիչներից միայն ձգանն է պատրաստված մետաղից:
Բացի այդ, ատրճանակում տեղադրված է մետաղե կտոր, որպեսզի ատրճանակը չընդգրկվի «Աննկատելի զենքերի ակտ»-ի տակ: Այդ փաստաթղթում արգելվում է մարդկանց շրջանառության մեջ դնել զենք, որն անհնար է բացահայտել մետաղական դետեկտորների միջոցով:
Ուիլսոնի կողմից մշակված ատրճանակը ստեղծված է 9/17 միլիմետր կալիբրի մեկ փամփուշտի համար: Ատրճանակի հեղինակը փորձել է այն կիրառել նաև այլ կալիբրի փամփուշտի համար, սակայն փորձն անհաջողության է մատնվել:
Ուիլսոնի խոսքով՝ ատրճանակի ավելի կատարյալ տեսակը կարող է դիմակայել մինչև 11 կրակոցի: 3D տպիչով ատրճանակ տպելու սխեման հեղինակն ազատ տեղադրել է ինտերնետում:
Նշենք, որ մի շարք ամերիկյան քաղաքական գործիչներ արդեն իսկ քննադատության են ենթարկել Ուիլսոնին, քանի որ, ինչպես նրանցից մեկն է նկատել՝ նման զենք կարող են հեշտությամբ արտադրել, օրինակ, ահաբեկիչները: