Արմեն Ռուստամյան. Դաշնակցությունից հեռացածը կամ խռովածը կորցրել է (տեսանյութ)
ՀՅԴ քաղաքապետի թեկնածու Արմեն Ռուստամյանը այսօր Շարլ Ազնավուրի անվան հրապարակում ՀՅԴ ամփոփիչ հանրահավաքի ժամանակ հայտարարեց, թե այս ընտրարշավի ընթացքում իրենք փորձել են մարդկանց հավատացնել այն բաների մեջ, ինչում իրենք են հավատացած:
«Ես չեմ կարող կանգնել ու բաներ ասել, որոնց չեմ հավատում: Եթե ես համոզված չեմ՝ չեմ խոսի: Իսկ եթե ես համոզված եմ, անկախ նրանից՝ այդ խոսքը այսօր տեղ կհասնի, թե վաղը կամ մյուս օրը, դա կասեմ այնքան ժամանակ, քանի դրան չենք հասել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ՀՅԴ-ն վաղուց խոսել է այն մասին, թե ինչ պետք է անել այս իրավիճակից դուրս գալու համար:
Ըստ նրա՝ այսօր անգամ իրենց առաջարկներից շատերը որդեգրվում են տարբեր քաղաքական ուժերի կողմից:
Ռուստամյանը պատմեց երեկ Ջրվեժում իր հետ պատահած մի դեպք, երբ մի ծերունի մոտեցել է իրենց ու ասել, որ երբեք ՀՅԴ-ին չի ընտրել ու չի ընտրելու: «Ասի՝ լա՞վ ա ձեր վիճակը, հայրիկ, նորմա՞լ եք ապրում, ասում է՝ չէ, ճարս լինի կթողնեմ՝ կհեռանամ: Ես էլ ասի՝ ՀՅԴ-ին չեք ընտրել, դրա համար էլ թողնում՝ հեռանում եք: Նայեց երեսիս, ասեց՝ յա, տղա, մտահոգեցիր: Ասում եմ՝ բա մի հատ մտածեք, մի անգամ վստահեք ՀՅԴ-ին, որ լիարժեք իշխանության գա ու կտեսնեք, որ երկիրը կծաղկի: Ես դա համոզված եմ ասում»,- պատասխանել է Արմեն Ռուստամյանը:
Արմեն Ռուստամյանի խոսքով, երբ ժողովուրդը Դաշնակցության «հետևից է գնացել՝ հաղթել է»: ՀՅԴ պատգամավորի խոսքով՝ Դաշնակցությունից «հեռացածը կամ խռովածը կորցրել է», իսկ հիմա էլ կորցնելու տեղ չկա:
«Հիմա մարդիկ երազում են օր առաջ գնան Հայաստանից, իսկ սա վերջն է, սրանից էն կողմ էլ ի՞նչ պետք է լինի, որ ասենք՝ վատ է: Եթե այսքանից հետո ինքնագոհ կեցվածքով մի երեք-հինգ տոկոս, ուղղակի շահագործելով բոլորի նվաճումը, ողջ ժողովրդի տառապանքների գնով ձեռքբերածը յուրացրել են, հիմա էլ փշրանքներով նետում են մեր առաջ ու ասում են, թե նորմալ երկիր են սարքել՝ ամոթ է, սուտ է: Մենք գիտենք, չէ՞, ոնց է ապրում այ ժողովուրդը»,- նշեց նա՝ հավելելով, թե ՀՅԴ-ն ն «եկել է այս հարցերը լուծելու համար»: