Տարոնը վախեցավ քաղաքացիներից
Այսօր հերթական անգամ Հանրապետական կուսակցությունը չեղյալ հայտարարեց նախապես ազդարարված հանրահավաքն Ազատության հրապարակում: Հանրահավաքի հետաձգման որևէ հոդաբաշխ պարզաբանում ՀՀԿ-ի շտաբը չի ներկայացրել:
ՀՀԿ-ից հայտնել են միայն, թե քանի որ իրենց ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանն այսօր մի քանի բակային հանդիպում ունի Երևանի Կենտրոն համայնքում, հանրահավաքի անցկացումը նպատակահարմար չի համարվել: Հանրահավաք հայտարարելը և հետաձգելը ՀՀԿ-ի մոտ սովորության նման բան է դառնում:
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն հանրահավաք էր հայտարարել նաև փետրվարի 22-ին՝ նախագահական ընտրություններից երեք օր անց՝ «տոնելու իրենց թեկնածուի հաղթանակը»: Այդ հանրահավաքն էլ հետաձգվեց, քանի որ «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն էր այդ օրերին շարունակ հանրահավաք անցկացնում Ազատության հրապարակում:
Իրականում Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելը դարձել է նախընտրական պարտադիր ատրիբուտներից մեկը, ինչպես օրինակ՝ կուսակցական լոգոներով ու թեկնածուների լուսանկարներով շապիկներ կամ ընտրակաշառք բաժանելը: Ու չնայած ՀՀԿ-ն բոլոր այդ «ատրիբուտների գծով» առաջատարն է՝ չեղյալ է հայտարարում նախապես ազդարարված հանրահավաքը: Դա, իհարկե, կարող է պայմանավորված լինել բազմաթիվ պատճառներով: Մամուլում ու սոցցանցերում արդեն իսկ կարծիքներ են հնչել, որ ՀՀԿ-ն՝ հաշվի առնելով նախորդ օրերին ՀԱԿԿ-ի, ԲՀԿ-ի, «Ժառանգության» հանրահավաքները, թերևս, մտավախություն է ունեցել, որ չի կարողանա լցնել Ազատության հրապարակը:
Դա, իհարկե, այնքան էլ արժանահավատ վարկած չէ այն առումով, որ ՀՀԿ-ն՝ տիրապետելով բոլոր վարչական ռեսուրսներին, ցանկության դեպքում՝ ուսուցիչներով, կրթական համակարգի ներկայացուցիչներով, պետական կառավարման համակարգի աշխատակիցներով, կարող էր լցնել ոչ միայն Ազատության, այլև հարակից՝ Ֆրանսիայի հրապարակը: Պարտադրանքին՝ մուննաթ: Ուրեմն ինչո՞ւ է ՀՀԿ-ն հրաժարվել ընտրությունների նախօրեին իր «ուժն ու հզորությունը» ցուցանելու հնարավորությունից: Թերևս այն պատճառով, որ բակային հանդիպումների ընթացքում հազիվ մի քանի կրկնվող նախադասություն արտասանող Տարոն Մարգարյանը ստիպված էր լինելու «բազմահազարանոց համակիրների բանակի առաջ» մի քանի րոպեանոց ելույթ ունենալ, ինչը, թերևս, անհաղթահարելի արգելք է համարվել ՀՀԿ շտաբում:
ՀՀԿ-ում, բնականաբար, գիտեն ընտրությունների արդյունքները: Ավելի ճիշտ, գիտեն՝ ինչպես և ինչ թվեր են հրապարակվելու մայիսի 6-ի գիշերը: Ու քանի որ, ըստ իրենց «տեղեկությունների», Տարոն Մարգարյանը հաղթելու ու դառնալու է Երևանի քաղաքապետ, թերևս, որոշել են հոգեբանական ճնշման չենթարկել իրենց թեկնածուին:
Լուսանկարը՝ panarmenian-ի