
Ցարնաև եղբայրները սկզբնական շրջանում ահաբեկչություն էին պլանավորել ԱՄՆ-ի անկախության օրը

Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ՝ Ջոհար և Թամերլան Ցարնաև եղբայրներն ի սկզբանե պլանավորել էին պայթյուններ իրականացնել հուլիսի 4-ին, երբ ԱՄՆ-ում նշում են Անկախության օրը:
Այսպիսի ցուցմունք է տվել ողջ մնացած Ջոհար Ցարնաևը: Վերջինիս խոսքերով՝ ահաբեկչության ժամկետի փոփոխման պատճառ է հանդիսացել այն, որ հաջողվել է ռումբերը պատրաստել ավելի շուտ: Բացի այդ, եղբայրները սկզբնական շրջանում մտադրվել են դառնալ մահապարտներ, սակայն ավելի ուշ նրանք որոշում են բավարարվել պայթուցիկ սարք տեղադրելով:
Ռումբերի շուտ պատրաստման հետ կապված՝ եղբայրները որոշել են ահաբեկչությունն իրականացնել ավելի վաղ՝ ապրիլի 15-ին, երբ Մասաչուսեթս նահանգում նշում են Հայրենասերի օրը, և անցկացվում է բոստոնյան ավանդական մարաթոնը:
Նշվում է, որ 19-ամյա Ջոհար Ցարնաևն այս մասին Հետաքննությունների դաշնային բյուրոյին (FBI) հայտնել է ապրիլի 21-ին՝ իր ձերբակալությունից երկու օր անց: Նրա 26-ամյա եղբայր Թամերլանը զոհվել է ապրիլի 19-ին՝ ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ: