
Կապրիլեսը բողոքարկել է նախագահական ընտրությունների արդյունքները

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Հենրիկե Կապրիլեսը երեկ Գերագույն դատարանում բողոքարկել է ապրիլի 14-ին երկրում անցկացված նախագահական արտահերթ ընտրությունների արդյունքները:
Դրանց համաձայն, երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլաս Մադուրոն ստացել էր քվեների 50.8 տոկոսը, իսկ Կապրիլեսը՝ 48.9 տոկոսը: Կապրիլեսի խոսքերով՝ ընտրացուցակներում գտնվել է մոտ 200.000 մահացած քաղաքացու անուն:
Բացի այդ, Կապրիլեսը վստահեցնում է, որ իշխանություններն օգտագործել են վարչական ռեսուրսներն ու պետական ԶԼՄ-ները՝ Մադուրոյի հաղթանակն ապահովելու համար, իսկ ընտրատեղամասերում դիտորդներին թույլ չի տրվել աշխատել:
Բրիտանական գործակալությունն ընդգծում է, որ Կապրիլեսը, հազիվ թե, շահի ներկայացրած հայցը, քանի որ համարվում է, որ Վենեսուելայի Գերագույն դատարանը գտնվում է իշխող Սոցիալիստական կուսակցության ենթակայության տակ:
Վենեսուելական ընդդիմությունը չի բացառւմ նաև միջազգային ատյաններ դիմելը՝ չնայած որ երկրների մեծ մասը Մադուրոյին ճանաչել է ընտրված նախագահ: