Լևոն Զուրաբյան. Այս ընտրարշավի հիմնական հարցը ձևակերպել է ՀԱԿ-ը
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը այսօր ԱԺ ճեպազրույցում հայտարարեց, թե այս ընտրարշավի հիմնական հարցը ձևակերպվել է ՀԱԿ կողմից: Խոսքը հանրությանն ու դատախազությանը ներկայացված «հանցագործությունների» մասին տեղեկություններն են, որոնք, Լևոն Զուրաբյանի խոսքով, կատարվել են գործող քաղաքապետի կողմից:
«Իրենց ձեռքով ներկայացվել է փաստերի մի ցուցակ, որից հետևում է, որ քաղաքապետը տարիներ շարունակ՝ գրավելով պետական պաշտոններ, ըստ էության, կուտակել է հսկայական մի ունեցվածք, վեցից մինչև տասը մլն դոլար արժողությամբ: Սակայն հենց իր խոստովանությամբ՝ ոչ ստացել է ժառանգություն, ոչ կարողացել է դա գնել՝ շնորհիվ օրինական աշխատավարձի»,- ասաց նա՝ անդրադառնալով ՀԱԿ-ի կողմից ՀՀ գլխավոր դատախազին ներկայացված՝ Տարոն Մարգարյանի ունեցվածքի վերաբերյալ հաղորդմանը:
Ըստ նրա՝ ակնհայտ է, որ Տարոն Մարգարյանը դա անում բացեիբաց և այստեղ մենք գործ ունենք թալանի հանցագործության հետ: «Ոչ միայն այդ մարդը, այլև ամբողջ ՀՀԿ-ն, որը պաշտպանեց Տարոն Մարգարյանին՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, հայտարարում են՝ թալանել ենք ու կթալանենք: Նրանք խաղում են բաց քարտերով, ասում են՝ սա է պատկերը, դե փորձեք մեզ չընտրել: Իսկ սա նշանակում է, որ առաջիկա ընտրությունները վերածվում են հանրաքվեի: Մարդիկ ոչինչ չեն թաքցնում, ասում են՝ այո, արել ենք, լավ ենք արել ու փորձում են ստանալ ժողովրդի քվեն:
Ժողովուրդը ցանկանում է դարարեցնել այս թալանը երկրում ու պետական իշխանությունը հանձնել այնպիսի ուժին, ինչպիսին ՀԱԿ-ն է, որն անբիծ կենսագրություն ունի, սկզբունքային ուժ է»,- ասաց նա:
Լևոն Զուրաբյանի խոսքով, մայիսի 5-ին ժողովուրդը պետք է իր վճիռը կայացնի՝ արդյոք տալի՞ս է մանդատը այս իշխանությանը, թե՞ վերադարձնում է իշխանությունը ժողովրդին.
«Արդյո՞ք մենք թասիբ ունենք, հասկանալով այն մարտահրավերը՝ բացեիբաց ու լկտի, որը մեզ նետել են իշխանությունները, և մերժելու նրանց: Ինձ ասում են՝ գնանք ընտրությունների, բայց միևնույնն է՝ կեղծելու են: Դրանց բոլորին ես պատասխանում եմ, որ եթե մենք ակտիվորեն գնանք ու մերժենք այս թալանչի հանրապետական քաղաքական ուժին, ուրեմն՝ նրանց կեղծիքի հնարվորությունները սահմանափակվելու են: Մանավանդ, երբ մենք լուրջ քաղաքական համագործակցություն ունենք ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի հետ, իսկ «Ժառանգության» հետ տեղական մակարդակով համագործակցում ենք»: