Ռուբեն Հակոբյան. Երեսպաշտությունից ընդդիմադիր դաշտը ճողվածք է ստացել

Մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունները «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի գնահատմամբ՝ կլինեն բացառիկ քաղաքական առումով: Ըստ նրա՝ խոսքը ինչ-որ օղակում իշխանական մեծամասնության մենաշնորհը «ջարդելու» մասին է:

Նա նշեց, որ ընդդիմությունն այսօր կարող է իշխանության քաղաքական մենաշնորհը քանդել. «Կարող է, եթե չաներ այն, ինչ արեցին ոչ իշխանական ուժերը, որոնք բացառիկ քաղաքական էգոիզմ ցուցաբերեցին: Ճիշտ է՝ մի կողմից հայտարարվում էր, որ իրենք կողմ են իշխանափոխությանը, համակարգային փոփոխությանը, ժողովրդական շարժմանը, որը առաջնորդվում էր Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից, բայց մյուս կողմից՝ գործնականում ամեն ինչ արեցին, որ տապալվի այդ ժողովրդական շարժումը: Ավելի ցցուն դա երևաց, երբ ՀԱԿ կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ իր հռճվանքը չթաքցրեց ՀԱԿ առաջնորդն ու քաղաքական մահախոսական կարդաց Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին»:

Ռուբեն Հակոբյանը նշեց, որ «բացառիկ էգոիզմի» բացակայության դեպքում ընդդիմությունը կարող է հաջողության հասնել: Նա նշեց, որ իրենք քինախնդիր չեն ու քինախնդրությունը չեն դիտարկում որպես քաղաքական կատեգորիա և հասկանում են, որ պետք է կասեցվի մենիշխանությունը Հայաստանում: Ռ. Հակոբյանը հայտարարեց, որ իրենք  պատրաստ են ավագանու ընտրություններից հետո ոչ իշխանանական ուժերի հետ միասին ձեռնարկել քայլեր մենիշխանության կասեցման համար, բայց շեշտեց, որ դա պայմանավորված կլինի նրանով, թե ինչքանով են ոչ իշխանական ուժերի դրսևորումները ընտրություններից հետո անկեղծ:

Հարցին, թե ո՞րն է պատճառը, որ ոչ իշխանական ուժերը թեև հայտարարում են, որ իրենց քննադատության թիրախը իշխանությունն է, բայց քննադատում են նաև միմյանց, Ռուբեն Հակոբյանը պատախանեց. «Ցավոք սրտի, այն ձևակերպումը, որ մեր քննադատության թիրախը պետք է լինի իշխանությունը, հաջորդ պահին մերժվում է: Հիշեք ՀԱԿ կուսակցության համագումարի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքը, այս մահախոսականը, որ երգեցիկ տոնով արտասանեց, այնուհետև մյուս Լևոնն էլ միանգամից անցավ հարձակման: Այս երեսպաշտությունից ընդդիմադիր դաշտը ճողվածք է ստացել: Խոսել, գեղեցիկ խոսքեր ասել միասին գործելու մասին, ձեռքը դնել սեղանի վրա, բայց սեղանի տակից ոտքով խփում ես նրան, ում բարևում ես՝ անընդունելի է: Ընդդիմությունն այս ընթացքում որդեգրել է այս կեցվածըք, ինչի հետևանքով չենք կարողացել հասնել հաղթանակի»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս