Ադրբեջանն ու Իրանը RWB-ի «Մամուլի գիշատիչները» ցուցակում ունեն երկուական ներկայացուցիչ

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Լրագրողներ առանց սահմանների» ընկերությունը (RWB) Մամուլի ազատության համաշխարհային օրը հրապարակել է իր «Մամուլի գիշատիչները» ավանդական ցուցակը: Դրանում ընդգրկվել է 39 մարդ՝ պետության ղեկավարներ, քաղաքական գործիչներ, կրոնական ու ռազմական գործիչներ:

Այդ անձինք մասնակից են լրագրողների ու մամուլի մյուս աշխատակիցների սպանություններին, առևանգումներին, հալածանքներին, կտտանքներին: Բոլոր «գիշատիչներին» միավորում է իրենց ինքնագնահատականն ու վստահությունը, որ իրենք օրենքից վեր են:

RWB-ի գլխավոր քարտուղար Քրիստոֆ Դելորը հայտարարել է. «Մամուլի գիշատիչները գնալով դառնում են ավելի ակտիվ: Այսպես, 2012 թվականին աշխարհում մամուլի դեմ բռնությունների մակարդակը հասել է աննախադեպ մակարդակի, սպանվել են ռեկորդային թվով լրագրողներ»:

Այս տարի 39 «գիշատիչների» թվում, 2012 թվականի նման, Ադրբեջանն ունի երկու ներկայացուցիչ: Նրանցից մեկը նախագահ Իլհամ Ալիևն է, իսկ մյուսը՝ նրա հավատարիմ զինակից, Նախիջևանի ղեկավար Վասըֆ Թալիբովը:

«Գիշատիչների» ցուցակում միանգամից երկու ներկայացուցիչ ունենալու «պատվին», Ադրբեջանից բացի, արժանացել է նաև Իրանը: Խոսքը գնում է Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեիի և նախագահ Մահմուդ Ահմադինեժադի մասին:

RWB-ի «գիշատիչների» ցուցակում են ընդգրկվել նաև Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինը և այլք: 39 «գիշատիչներից» 34-ն ընդգրկված են եղել նաև 2012 թվականի «գիշատիչների» ցանկում:

Տեսանյութեր

Լրահոս