
Սիրիական բանակը վերականգնել է Հոմսի կենտրոնական շրջանի նկատմամբ վերահսկողությունը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի կառավարական զորքերը ձեռնարկած հակահարձակման արդյունքում վերադարձրել են Սիրիայի երրորդ խոշոր քաղաք Հոմսի կենտրոնական շրջանի նկատմամբ վերահսկողությունը:
Դրանով իսկ կառավարական զորքերը սեպի նման խրվել են ապստամբների կողմից վերահսկվող երկու շրջանների մեջ՝ նրանց մեկուսացնելով միմյանցից: Հոմսն իր հերթին հանդիսանում է կապող օղակ Դամասկոսի և այն շրջանների միջև, ուր բնակվում են ալավիները (այդ դավանանքին է պատկանում նաև նախագահ Բաշար Ասադը):
Սիրիացի իրավապաշտպանների պնդմամբ՝ Հոմսի կենտրոնական շրջանի գործողությանը կառավարական զորքերի կողմից մասնակցել են նաև Իրանի զինված ուժերի և լիբանանյան «Հզբոլլահ» խմբավորման ներկայացուցիչներ: Սպանվածների քանակը տատանվում է 50-100-ի միջև: