Արմեն Ռուստամյան. Եթե մենք չպետք է տարբերենք գետի քարը գոհարից, բնականաբար, կսխալվենք

168.am-ի հետ զրույցում ՀՅԴ քաղաքապետի թեկնածու Արմեն Ռուստամյանը կարծում է, որ ոչ իշխանական ուժերն ընտրություններից հետո պետք է միավորեն իրենց ձայներն ու առաջադրեն քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու:

Հարցին, թե ինչպե՞ս եք փոխհամաձայնության գալու քաղաքական չորս ուժերով, երբ ՀՅԴ-ն և «Բարև, Երևան» դաշինքը չկարողացան միասնական ցուցակ կազմելու հարցում միավորվել, պատասխանեց.

«Շատ պարզ տրամաբանություն պետք է աշխատի: Եթե մենք հնարավորություն ունենք միավորվելու ու ամբողջ քաղաքային իշխանությունը մեր մեջ բաժանելու, բայց չենք անում, ուրեմն՝ մարդն իր լավն ու վատը չի իմանում: Ոնց որ քեզ լավ բան բերեն, առաջարկեն, բայց գինը չիմանալով, չհարցնելով՝ անտեսես ու չվերցնես: Ջիվանին մի լավ խոսք ունի՝ «աշխարհից կտրված անգետի համար գետի քարն էլ մեկ է, գոհարն էլ»: Հիմա, եթե մենք չպետք է տարբերենք գետի քարը գոհարից, բնականաբար, կսխալվենք»:

Մեր հարցին, թե Դուք ընդդիմադիր միասնական թեկնածուի դերում ո՞ւմ եք տեսնում, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Պարզ չի՞՝ ինձ եմ տեսնում»:

Կարդացեք նաև

Հաջորդ հարցին էլ, թե մյուս ոչ իշխանական ուժերը կհամաձայնվե՞ն միասնական քաղաքապետի պաշտոնում Ձեզ առաջադրել, արդյոք քաղաքական խանդ չի՞ առաջանա, ՀՅԴ թեկնածուն ասաց. «Դրա համար ասում եմ: Եթե չենք հաջողում միանգամից ընտրվել, պետք է նստենք, բանակցենք ու, տեսնելով՝ ինչ առավելություն կունենա ամեն մեկը, որոշում ընդունենք, որովհետև սա միայն քաղաքապետի ընտրություն չէ: Եթե ընդդիմություն ու իշխանություն է հաստատվում, սա նաև քաղաքապետարանի աշխատակիցների, վարչական տարածքների ղեկավարների ընտրություն է, ինչը հսկայական աշխատանք է ու եթե մի քաղաքական ուժ էլ միայնակ գնա, չի կարող այս աշխատանքն անել: Ուրեմն՝ բոլորիս շահերից է բխում, որ մեր մեջ եղած լավագույն եղածը օգտագործենք, որպիսի հաջողենք: Սա կլինի ընդհանուր ընդդիմության հաջողությունը: Սա կոնկրետ շահ է, որը չտեսնելու համար պետք է կույր լինես»:

Ճշտող հարցին, թե կզիջե՞ք Ձեր ամբիցիաները, եթե ոչ իշխանական ուժերից որևէ մեկը դեմ լինի Ձեր թեկնածությանը, Արմեն Ռուստամյանը պատասխանեց, որ ինքը հիմա էլ է զիջում ու պատրաստ է զիջել նաև հետագայում. «Ես ասում էի՝ գնանք մեկ ցանկով, իսկ ես չէի հավակնում լինել առաջինը, կարծում էի, որ պետք է Րաֆֆի Հովհաննիսյանը գլխավորի»: Արմեն Ռուստամյանն ասաց, որ եթե միասնական քաղաքապետի թեկնածու չլինի՝ կունենանք զրոյական արդյունք, որովհետև «եթե դա չլինի, ոչինչ չի լինի, իսկ ոչինչը ինչ-որ բանից տարբերվում է, չէ՞»:

Իսկ եթե պարոն Ռուստամյանը քաղաքապետի թեկնածու չլիներ, միանշանակ կընտրեր Դաշնակցություն կուսակցությանը. «Բա էլ ո՞ւմ պետք է ընտրեի: Անցած անգամ Արծվիկ Մինասյանն էր թեկնածուն ու ես ընտրել եմ Դաշնակցությանը՝ Արծվիկ Մինասյանով»:

Տեսանյութեր

Լրահոս