Վ.Գասպարյան. Գյումրին երբեք չի զինվել, որ զինաթափվի
Գյումրին երբեք չի զինվել, որ զինաթափվի, պարզապես ոմանք մտածել են, որ զենքի առկայության պայմաններում կարող են ինչ-որ բաներ թելադրել, կամ ինչ-որ բանից պաշտպանվել: Այս մասին Գյումրի կատարած այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը: «Մենք ուղղակի առգրավում ենք այդ զենքերը, որպեսզի անտեղի տեղը չկրակեն, որովհետև ամեն մի կրակոց մի մարդկային կյանք է»,- նշել է կառույցի ղեկավարը:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչության փոխանցմամբ, Վլադիմիր Գասպարյանն ընդգծել է, որ զենքերը պետք է հանձնվեն, մարդիկ պետք է հասկանան, որ ուժով, սպանությամբ հարց չեն լուծում, անօրինականությամբ օրինականություն չեն հաստատում: «Մենք մինչև վերջ ենք աշխատելու այս ուղղությամբ և, ընդհանրապես, անընդհատ ենք աշխատելու»,- հավաստիացրել է ՀՀ ոստիկանապետը՝ հիշեցնելով, որ եթե քաղաքացին ինքնակամ է ներկայացնում զենքը, ազատվում է քրեական պատասխանատվությունից, իսկ երբ ոստիկանությունն է առգրավում, հարուցվում է քրեական գործ:
«Պետք է լինի կարգուկանոն. բոլորս միասին պետք է լուծենք այդ խնդիրները, ոստիկանությունը մենակ չի կարող լուծել դրանք, եթե քաղաքացին ակտիվ չլինի: Կարծում եմ` գյումրեցիների աջակցությունը կա, մարդիկ սրտացավորեն են մոտենում ոստիկանությանը: Նոր մարտավարությունն այստեղ աշխատելու է, որովհետև ես տեսնում եմ գյումրեցիների աջակցությունը, ինչի համար շատ շնորհակալ եմ»,- ասել է Վ.Գասպարյանը: