Բաժիններ՝

Մասիսի հիվանդանոցում երիտասարդի առեղծվածային մահվան փաստով հարուցվեց քրեական գործ

Այսօր՝ մայիսի 2-ին, Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի Մասիսի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. Օր.-ի 130 հոդվածի 2-րդ մասի (Բժշկակական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ) հատկանիշներով:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված քրեական գործը հարուցվել է այս տարվա ապրիլի 3-ին Մասիսի հիվանդանոցում 27-ամյա Ցոլակ Մկրտչյանի մահվան փաստով:

Քննիչի որոշմամբ՝ տուժողի իրավահաջորդ է ճանաչվել նաև մահացածի եղբայրը՝ Վիրաբ Մկրտչյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Գ. Շամշյանը Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Մասիսի քննչական բաժանմունքում Սամվել Անդրեասյանի կողմից նյութեր էին նախապատրաստվում Մասիս քաղաքի 3-րդ թաղամասի 14 շենքի բնակիչ, 27-ամյա Ցոլակ Մկրտչյանի մահվան փաստով։

Ինչպես հայտնել է ֆոտոլրագրողը, ապրիլի 3-ին՝ առավոտյան ժամը 05։30-ի սահմաններում, Մասիսի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքում մահացել է Ց. Մկրտչյանը։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում Ց. Մկրտչյանի կինը՝ 25-ամյա Արևիկը, որոշ մանրամասներ պատմեց՝ ամուսնու հիվանդանոց այցելելու մասին։

Ապրիլի 2-ի երեկոյան ամուսնու ինքնազգացողությունը վատացել է, և կինը տուն է հրավիրել ամուսնու հարազատներին, ովքեր Ցոլակին տեղափոխել են հիվանդանոց։ Այդ օրվա հերթապահը եղել է վիրաբուժական բաժանմունքի վարիչ Գևորգ Գրիգորյանը, ով ձեռքերով շոշափել է Ցոլակի որովայնի հատվածները ու հայտնել, որ լուրջ ոչինչ չկա, պարզապես ցավերը կապված են սննդի հետ, ինչի պատճառով էլ հավանաբար աղիների խցանում կա, և հանձնարարել է, որպեսզի ցավերի մեջ գտնվող Ցոլակին միջմկանային ներարկում կատարեն, ու հիվանդանոցում ներարկել են «Պապավերին» տեսակի դեղամիջոց։ Ներարկումը ստանալուց հետո հիվանդանոցում հայտնել են, որ նա կարող է հանգիստ գնալ տուն, քանի որ անհանգստանալու կարիք չկա։ Վերադառնալով տուն՝ գիշերը՝ ժամը 03։30-ի սահմաններում, նորից սկսվել են ցավերը, ու Ցոլակը քանի որ ուշ գիշեր է, չի անհանգստացրել հարազատներին, ինքնուրույն իրեն պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենայով գնացել է հիվանդանոց, ու այդ մասին միայն իմացել է կինը։ Որոշ ժամանակ անց, երբ ամուսինը չի զանգահարել, կինն անհանգստացել է և սկել է զանգահարել ամուսնու բջջային հեռախոսին, սակայն ամուսինը չի պատասխանել հեռախոսազանգերին, որից հետ կինը ահազանգել է եղբորը, վերջինս էլ մեկնել է Մասիսի հիվանդանոց։ Որոշ ժամանակ անց արդեն իմացել են, որ վերակենդանացման բաժանմունքում Ցոլակը մահացել է։

Հիվանդանոցում Ցոլակի հարազատները պատմել են, որ չգիտես ինչու մանրամասն հետազոտելու փոխարեն Ցոլակին ներարկել են «Բարալգին» տեսակի ցավազրկող՝ միջերակային եղանակով։ Երբ առաջին անգամ Ցոլակը ծնողների հետ դիմել է բժշիկների օգնությանը, բժիշկներին տեղեկացրել է, որ ինքը դեղերից ալերգիա է ստանում, ինչն էլ պետք է բժիշկների մոտ հիմք հանդիսանար, որ առանց հետազոտման ներարկումներ չանեին, իսկ բաժնի վարիչ Գ. Գրիգորյանը հետազոտում է համարել ձեռքերով փորը շոշափելը։ Ցոլակի հարազատները հայտնել են նաև, որ իրենց միակ նպատակն այն էր, որ նման հատկանիշներով առաջնորդվող բժիշկները չմնան առողջապահության համակարգում, հակառակ դեպքում չես կարող բացառել, որ հետագայում մեկ այլ ընտանիք էլ բժիշկների մեղքով չի որբանա։

Ֆոտոլրագրողը հայտնել է, որ Ցոլակի խնամքին ոչ միայն կինն էր, այլև 6 և 2 տարեկան տղաները։
Հարազատների մոտ էր արդեն Ցոլակի մահվան վկայականը, որտեղ գրված էր, որ մահվան պատճառ էր հանդիսացել սրտի պսակաձև անոթներում արյան շրջանառության խանգարումը, սակայն հարազատները պնդում էին, որ նա երբևէ առողջական ոչ մի խնդիր չէր ունեցել, այդ թվում՝ սրտի, իսկ չգիտես ինչու առաջին անգամ Ցոլակի ինքնազգացողության վատթարացումը կապել էին աղիների հետ, իսկ հետո երիկամի, իսկ երբ տեսել են, որ իրենց անտարբերության հետևանքով մահացել է, մահը կապել են սրտի հետ։

Գ. Շամշյանը հայտնել է, որ Ցոլակի հարազատները արդեն ունեն իրենց փաստաբանը, ով փաստաբանների պալատի փաստաբան Ինեսսա Պետրոսյանն է, պայքարելու են մինչև վերջ, որպեսզի բացահայտվի իրականությունը, և մեղավորներն իրենց կատարած անփութության պատճառով պատասխանատվության ենթարկվեն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս