Գագիկ Ծառուկյան. Պետք է իմանան, որ քաղաքական իշխանությունը «ոչ թե իրենց հոր սեփականությունն է», այլ ժողովրդի ձայնով ձեռքբերված պաշտոն
ԲՀԿ հանրահավաքին ելույթ ունեցավ նաև կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, ում ներկայացնելիս կուսակության խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց, որ ելույթ է ունենալու ամենաժողովրդական քաղաքական գործիչ Գագիկ Ծառուկյանը:
ԲՀԿ առաջնորդը ողջունեց ներկաներին՝ ասելով, թե ինքը միշտ ասել է, որ ամենակարևորն այն է, որ երբեք հուսախաբ չեն անելու ժողովրդին, իրենք իրենց ասածին «տեր են եղել՝ ինչ ասել ենք, շատ արել ենք»:
Գագիկ Ծառուկյանն ասաց, որ ուզում է, որպեսզի մարդիկ իմանան, որ ինքը որևէ մեկի առջև բարոյական պատասխանատվություն չունի՝ բացի ժողովրդից:
Խոսելով առաջիկա ավագանու ընտրությունների մասին, Գագիկ Ծառուկյանն ասաց. «ԲՀԿ-ի քաղաքապետը կաշառք չի վերցնելու, քաղաքացու դիմումին նույն օրը կպատասխանի, որ քաղաքացին իրեն գնահատված ու պաշտպանված զգա ու եթե քաղաքապետը կամ թաղապետը քաղաքացուն վերևից նայեն՝ հղփանան, գոռոզանան, անմիջապես կհեռացվեն աշխատանքից»,- խոստացավ ԲՀԿ առաջնորդը:
Վերջինս նշեց, որ Երևանում չկա չլուծվող խնդիր՝ պարզապես հարկավոր է ճիշտ ծրագիր, ճիշտ սրտացավ մարդիկ, ովքեր պետք է իմանան՝ ինչի համար են գնում այդ գործին, իմանան, որ քաղաքական իշխանությունը «ոչ թե իրենց հոր սեփականությունն է», այլ ժողովրդի ձայնով ձեռքբերված պաշտոն:
«Դա պատասխանատու աշխատանք է, օր ու գիշեր պետք է աշխատեն: Պետք է իրենց սովորական քաղաքացու տեղը դնեն, որ հասկանան՝ ինչ է հարկավոր: Այո, մենք պատրաստակամ ենք, ունենք հզոր քաղաքական թիմ, կարող ենք իրականացնել այս ամենը, բայց մենք միայնակ չենք կարող անել դա՝ միասին պետք է լինենք: Դրա համար կոչ եմ անում, որպեսզի հայաստանցին, հայերը չբացակայեն երկրից, մոռանան արտագաղթի ճանապարհը, կամք ունենան, ձգտոււմ, թուլամորթ լինել չի կարելի: Պետք է կողք կողքի լինենք»,- նշեց նա՝ ավելացնեով, որ ինքը «երբեք օդի մեջ» խոսքեր չի ասում:
Նրա խոսքով, քաղաքում պետք է լինի մրցակցություն, որպեսզի մարդիկ կարողանան աշխատանք կատարել:
Գագիկ Ծառուկյանը հորդորեց նաև չվախենալ, եթե փորձեն վախեցնել ընտրությունների գնալու համար, որովհետև դրանք «ամենավախկոտ ու թույլ մարդիկ են, վախենում են ձայն չհավաքել ու իրենց պաշտոնից կհեռացնեն, բայց պաշտոնից հեռացնելուց նրանց բարև տվող չի լինելու»:
ԲՀԿ առաջնորդն ընդգծեց, որ ուզում է, որպեսզի մարդիկ գնան ընտրության ու ընտրություն կատարեն իրենց համար:
Նա կոչ արեց նաև ձայնը տալ նրան, ում հավատում են, ում հետ հույսեր են կապում, և այդ ժամանակ, ըստ ԲՀԿ նախագահի՝ ամեն ինչ ճիշտ կլինի: