Հովիկ Աբրահամյանը հորդորում է դահլիճը լքող պատամավորներին լուսանկարել, «քցել» սոցցանցերը (տեսանյութ)
ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ այսօր ԱԺ-ում «Գույքահարկի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ որոշ պատգամավորներ քվեարկում են բացակա պատգամավորների փոխարեն:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ դիմելով դահլիճում ներկա պատգամավորներին՝ խնդրել, հորդորել է չքվեարկել ուրիշների փոխարեն:
Այդ ընթացքում, սակայն, որոշ պատգամավորներ սկսել են լքել նիստերի դահլիճը, ինչը դուր չի եկել ԱԺ նախագահին. «Հորդորում եմ պատգամավորներին դրսևորել տարրական կուլտուրա, երբ որ ԱԺ նախագահը խոսում է, գոնե սպասեն ավարտի, նոր դուրս գան»,- ասել է նա:
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այսուհետ քարտուղարությունը տվյալներ է հրապարակելու և ներկայացվելու է այն պատգամավորների ցանկը, ովքեր նիստերի կեսից հեռանում են: «Թող լրատվամիջոցներն էլ ուշադրություն դարձնեն, նկարեն, «քցեն» սոցցանցերում, և մեր բնակչությունը այլևս նման պատգամավորների չընտրի և չգործուղի ԱԺ»,- նշել է Հովիկ Աբրահամյանը: