Boys don’t cry
Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) նախագահության անդամներ Արամ Քոչարյանը, Սիրարփի Արշակյանը և Աստղիկ Ավետիսյանն ապրիլի 24-ից մայիսի 2-ը Իսպանիայում (Կատալոնիա) մասնակցում են «Boys don’t cry. Mainstreaming Gender in Youth Work» խորագիրը կրող ուսուցողական դասընթացին:
Ծրագրին մասնակցում են Հայաստանից, Էստոնիայից, Լիտվայից, Բելառուսից, Ռումինիայից, Իսպանիայից և Վրաստանից ընտրված երիտասարդ առաջնորդներ ու երիտասարդական աշխատողներ: Մասնակիցները ծրագրի ընթացում ստացան գիտելիքներ մարդու իրավունքների, գենդերային իրավահավասարության, երիտասարդական աշխատանքում սեռերի նկատմամբ վերաբերմունքի և հասարակության մոտ ձևավորված կարծրատիպերի մասին:
Անդրադարձ եղավ մասնակից երկրներում գենդերային իրավահավասարության մասին ԶԼՄ-ների արձագանքին և կարևորվեցին հասարակական կարծիքը փոխելուն ուղղված ծրագրերն ու նախագծերը: Մարդու իրավունքների ուսուցանողների ընկերակցության (Association of Human Rights Educators) նախագահ Չավի Բարոն կարծում է, որ ոչ ֆորմալ կրթության միջոցով երիտասարդները կարողանում են ստանալ անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ և համատեղ ծրագրեր մշակել: Երիտասարդական ակումբների դաշնության ներկայացուցիչները համագործակցության արդյունքում նախապատրաստել են երկու ծրագիր, որոնք կյանքի կկոչվեն 2014 թվականին` Եվրամիության աջակցությամբ:
Ծրագրի մասնակից ԵՊՀ դասախոս, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանը ընդգծելով ծրագրի կարևորությունը փոխանցեց, որ Հայաստանում քաղաքական գործընթացներում երիտասարդ կանայք քիչ են ներգրավված, պետք է իրականացնել ծրագրեր, որ հայ կինը սկսի գնահատել իր հնարավորություններն ու արժևորի ներուժը, որը կարող է օգտագործել որոշումներ կայացնելու գործընթացում` ի շահ ողջ հասարակության:
ԵԱԴ քարտուղարություն
www.fyca.net