Ասադի ուժերն ընդդիմության նկատմամբ գերազանցություն ունեն միայն օդում. Էրդողան
Ճապոնական Nikkei թերթին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն անդրադարձել է Սիրիայի հարցին և իր առաջիկա ամերիկյան այցին.
«Սիրիայում ընթացող բախումների ժամանակ Ասադի կառավարական ուժերը կիրառել են քիմիական զենք: Մայիսի 16-ին ես մեկնելու եմ ԱՄՆ, որի նախագահ Բարաք Օբամայի հետ երկկողմ հանդիպման ժամանակ քննարկելու եմ այդ հարցը:
Ակնհայտ է, որ քիմիական զենքը կիրառել է Բաշար Ասադի վարչակարգը: Սիրիացի ապստամբները գերազանցություն ունեն ցամաքում, սակայն Ասադի վարչակարգը կիրառում է քիմիական զենք և օգտագործում է մարտական ինքնաթիռներ ու ուղղաթիռներ:
Ապստամբների նկատմամբ Ասադի ուժերի միակ առավելությունն օդային առավելությունն է: Ասադի վարչակարգի վերջ մոտ է, սակայն մենք չգիտենք, թե կոնկրետ երբ տեղի կունենա դրա տապալումը: Միջազգային հանրությունը պետք է հնարավորինս արագացնի այդ գործընթացը»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարտին Դեմփսին երեկ, մեկնաբանելով Սիրիայում ոչ թռիչքային գոտւ ստեղծման հնարավորությունը, հայտարարել է, որ սիրիական կառավարական ավիացիան ամենևին էլ տեղի ապստամբների համար չի հանդիսանում գլխավոր խնդիրը:
Ապստամբների կորուստների միայն 10 տոկոսն է վերագրվում ռազմաօդային ուժերի գործողությունների հաշվին: Դրա հետ կապված՝ Դեմփսին ենթադրել է, որ սիրիական ավիացիայի ճնշումը, հազիվ թե, էականորեն ազդի ցամաքային ռազմական գործողությունների ընթացքի վրա: