Բաժիններ՝

Ներկայացել էր մեղայականով

ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու համար Նարեկ Մարտիրոսյանը դատապարտվել է նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի (500.000 ՀՀ դրամ) չափով տուգանքի: Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը` դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, նրան մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով նախատեսված արարքում: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Այսպիսով, դատարանը հաստատված է համարել նրան առաջադրված մեղադրանքն, ըստ որի դեռ 19 տարին չբոլորած Նարեկ Մարտիրոսյանը 2013թ. փետրվարի 18-ին տեղի ունեցած ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքում Երևանի թիվ 6/16 ընտրատեղամասում, այլ անձի փոխարեն քվեարկելու նպատակով, նույն ընտրատեղամասի ընտրողների գրանցամատյանը լրացնող հանձնաժողովի անդամ Լուսինե Ուստյանին ներկայացրել է իրեն պատկանող անձնագիրը, իր վերաբերյալ հայտնել կեղծ տվյալներ նշված ընտրատեղամասում քվեարկելու իրավունք ունեցող իր ծանոթ Կարապետ Նավասարդյանի անունը, ազգանունը, հասցեն: Մոլորության մեջ գցելով Լուսինե Ուստյանին` նա գրանցվել է ընտրողների ցուցակում, ստորագրել գրանցամատյանում Կարապետ Նավասարդյանի անվան դիմաց: Այնուհետև ստացել է քվեաթերթիկ և ծրար, սակայն չի կարողացել կատարել քվեարկություն և քվեաթերթիկը գցել քվեատուփի մեջ, իսկ «հանցանքն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ նույն ընտրատեղամասում «Հայաստանի հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպության դիտորդ Հռիփսիմե Հունանյանը մինչև քվեարկելը պահանջել, ստուգել է նրա անձնագիրը և պարզել, որ նա չի հանդիսանում նշված ընտրատեղամասի ընտրող»:

Մինչ դատաքննությունը սկսելն ամբաստանյալ Նարեկ Մարտիրոսյանը միջնորդել էր դատական քննությունն անցկացնել արագացված կարգով` հայտարարելով, որ համաձայն է մեղադրանքի հետ և առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչում: Դատարանը որոշում էր կայացրել արագացված դատական քննություն անցկացնելու մասին:

Դատարանը պատիժ նշանակելիս հաշվի է առել, որ Ն.Մարտիրոսյանը ներկայացել է մեղայականով, աջակցել է հանցագործությունը բացահայտելուն, ինչն արտահայտվել է նաև նրանով, որ հանցագործության կատարմանն ականատես անձի կողմից իրեն չճանաչելու պայմաններում Ն.Մարտիրոսյանը հայտնել է, որ ճանաչում է Հ.Հունանյանին և հայտարարել, որ նա այն անձն է, ով խոչընդոտել է իրեն քվեարկել այլ անձի փոխարեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս