Ողբերգական ավտովթար` Լոռու մարզում. կա երկու զոհ, 1 վիրավոր (լուսանկարներ)
Այսօր՝ ապրիլի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 02:00-ի սահմաններում, Opel մակնիշի 35 ԼՏ 860 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ժայռաբեկորներին և մի քանի շրջան շրջվելով՝ մոտ 30 մետր առաջ է գնացել: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող Վանաձոր քաղաքի բնակիչներ, 25-ամյա Աղասի Սարգսյանը և 24-ամյա Սուրեն Ղալայանը տեղում մահացել են, իսկ 24-ամյա Յուրիկ Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սպիտակի բժշկական կենտրոն:
Վթարի հետևանքով երկու հոգի դուրս են շպրտվել ավտոմեքենայից, ինչպես նաև կոտրվել են անվահեծերն ու ավտոմեքենայից պոկվել և շպրտվել է գազի բալոնը:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Սպիտակի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՐ. ՕՐ-ի 242 հոդվածի 3-րդ մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով: