ԲՀԿ ցուցակի առաջին եռյակի ունեցվածքը
ԲՀԿ-ի ցուցակը գլխավորող Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, ԲՀԿ-ական, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, 58-ամյա Վարդան Օսկանյանը հայտարարագրել է մեկ առաձնատուն ԱՄՆ-ում՝ 200ք.մ մակերեսով, և հողակտոր Ծաղկաձորում՝ 9000 ք.մ մակերեսով:
Վ. Օսկանյանի ամսական եկամուտը ԱԺ-ից ստացած 300 հազար դրամ աշխատավարձն է:
Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ եղել են 150 հազար ԱՄՆ դոլար:
Ըստ 2012թ.-ի մարտի 1-ից մինչև 2013թ.-ի մարտի 1-ն ընկած ժամանակահատվածի համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրի, Վ. Օսկանյանը շարժական և թանկարժեք գույք, արժեթղթեր և այլ ներդրումներ չի ունեցել:
ԲՀԿ-ի ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ, 53-ամյա Գուրգեն Արսենյանը հայտարարագրել է ընդհանուր սեփականություն հանդիսացող 14 միավոր անշարժ գույք. 2 շենք Երևանում՝ 610,55 ք.մ և 913,8 ք.մ մակերեսներով, 1 շենք Գյումրիում՝ 141,46 ք.մ մակերեսով, 3 շինություն, որից երկուսը Երևանում՝ 15,1 ք.մ և 233,58 ք.մ մակերեսներով, մեկը Վրաստանի մայրաքաղաքում՝ 189 ք.մ մակերեսով, 8 հողամաս, որից երեքը Երևանում՝ 0,0917 հա, 0,0906 հա, 0,0677 հա մակերեսներով, մեկը՝ Գյումրիում (0,021283 հա), չորսը՝ Արմավիրի մարզի Արտամետ (157,64 հա), Տալվորիկ (84 հա) և Նոր Կեսարիա (4 հա և 7,07 հա) համայնքներում:
Գ. Արսենյանը որպես ընդհանուր համատեղ սեփականություն հայտարարագրել է 3 միավոր շարժական գույք՝ 2008թ.-ի արտադրության «Լեքսուս LS600HL», «Ռենջ Ռովեր Super Chargeo», «Տոյոտա Պրադո» ավտոմեքենաներ:
Ի դեպ՝ ԱԺ պատգամավորի թեկնածու մեկ տարի առաջ ԿԸՀ ներկայացրած հայտարարագրում Գ.Արսենյանը որպես շարժական գույք նշել էր նաև 2003թ.-ի արտադրության «Zenair CH 701 Stol» մակնիշի երկու ինքնաթիռ: Դրանք մեկ ամիս առաջ ներկայացրած հայտարարագրում չկան, ենթադրաբար, վաճառված չեն, քանի որ դրա դիմաց ստացված եկամուտ հայտարարագրված չէ:
Գ. Արսենյանը՝ ի տարբերություն մեկ տարի առաջ ԿԸՀ ներկայացրած հայտարարագրի, այս անգամ հայտարարագրել է նաև թանկարժեք գույք՝ 51 մլն 300 հազար դրամ արժողությամբ «Բրեգետ» ժամացույց և 38 հազար 500 ԱՄՆ դոլար արժողությամբ բժշկական սարքավորում:
Միավորված աշխատանքային կուսակցության նախագահը հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 402 մլն 521 հազար 689 դրամ, 5 մլն 968 հազար 386 ԱՄՆ դոլար և 20 հազար 136 եվրո:
Գ. Արսենյանի տարեկան եկամուտները գոյացել են ԱԺ-ից ստացած 2 մլն 269 հազար 740 դրամ աշխատավարձից, «ԱՐՍՕՅԼ» և «Յունիքորն գրուպ» ՓԲԸ-ներից՝ համապատասխանաբար 430 մլն 900 հազար դրամ և 12 մլն 418 հազար 370 դրամ շահաբաժիններից, «ԱՐՍՕՅԼ», «Յունիքորն գրուպ» և «Յունիքորն թրեյդ» ՓԲԸ-ներից՝ համապատասխանաբար 14 մլն 40 հազար դրամ, 2 մլն 160 հազար դրամ և 1 մլն 80 հազար դրամ վարձավճարներից, «Ամերիաբանկ» և «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ներից՝ 102 հազար 530 դրամ և 25 հազար 700 դրամ փոխառություններից, «Ամերիաբանկ» ՓԲԸ-ից՝ 30 մլն 37 հազար 346 դրամ տոկոսներից:
ԲՀԿ-ի ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնողն ունի նաև 100% բաժնետոմս «ԱՐՍՕՅԼ» և «Յունիքորն թրեյդ» ՓԲԸ-ներում, 50%` «Յունիքորն գրուպ», «Յունիքորն փրինթ», «Յունիքորն ֆլորա», «Յունիքորն թեքնոլոջի», «Յունիքորն քոնսթրաքշն», «Աննալուս» ՓԲԸ-ներում, ինչպես նաև 85% բաժնետոմս «Գրանդ տոբակո» ՓԲԸ-ում (Տաջիկստան): Նա ունի նաև 20 % փայ «Բիզնես Սթայլ» ՍՊԸ-ում:
ԲՀԿ-ի ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, անկուսակցական, 55-ամյա Աբրահամ Մանուկյանը հայտարարագրել է 11 միավոր անշարժ գույք, որից միայն մեկը որպես ընդհանուր համատեղ սեձականություն, իսկ 10-ը՝ միանձնյա սեփականություն: Դրանց թվում են 3 հողամաս Երևանում՝ 0,12 հա, 0,05827 հա և 0,15 հա մակերեսներով, 3 շենք-շինություններ Երևանում՝ 274,5 ք.մ, 42,7 ք.մ և 81, 32 ք.մ մակերեսներով: Մնացած 5 միավորը հողին ամրակցված զգալի մակերեսներով անշարժ գույք է, որից 4-ը՝ Երևանում, մեկը՝ Կոտայքի մարզի Արզական համայնքում:
Ա. Մանուկյանը 2007թ.-ի արտադրության «Մերսեդես Բենց S 550» ավտոմեքենայի միանձնյա սեփականատեր է:
Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցներն եղել են 225 մլն դրամ, 300 հազար ԱՄՆ դոլար և 90 հազար եվրո:
Ա. Մանուկյանի եկամուտները գոյացել են ԱԺ-ից ստացած 2 մլն 226 հազար 740 դրամ և «Քաղաքային ունիվերսալ բազա» ՍՊԸ-ից՝ 413 հազար 760 դրամ աշխատավարձերից, «Քաղաքային ունիվերսալ բազա» ՍՊԸ-ից վարձակալությունից ստացած 14 մլն 781 հազար 300 դրամ եկամտից և 3 մլն 500 հազար դրամ «Բելվարմո թրեյդ» ՍՊԸ ներդրված գումարի վերադարձից:
Ա. Մանուկյանը թանկարժեք գույք, արժեթղթեր և այլ ներդումներ չունի:
Գայանե Մելիքյան