Տուգանք` երկու ամսվա նպաստը հափշտակելու համար

ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի Աբովյանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության առաջատար մասնագետ Հայկանուշ Սիմոնյանը դատապարտվել է տուգանքի 500.000 ՀՀ դրամի չափով` հանցավոր ճանաչվելով նախկինում նպաստառու ընտանիքի անունով երկու ամսվա նպաստ դուրս գրելու և հափշտակելու համար:

Ըստ դատավճռի, Կոտայքի մարզի Նոր Գյուղ համայնքի բնակիչ, նպաստառու ընտանիքի անդամ Հասմիկ Մանուկյանը 2012թ. սեպտեմբերին իրենց անչափահաս երեխայի բնակության վայրը փոխելով, նույն ամսվա 1-ից նրան տարել են Չարենցավան քաղաքի թիվ 5 հիմնական դպրոցի առաջին դասարան: Ցանկանալով ստանալ երեխայի առաջին դասարան հաճախելու կապակցությամբ օրենքով սահմանված կարգով տրամադրվող միանվագ դրամական օգնությունը` Հասմիկ Մանուկյանը 2012թ. սեպտեմբերի 10-ին Չարենցավանի թիվ 5 հիմնական դպրոցից ստացել է երեխայի ուսման վերաբերյալ տեղեկանք և անձամբ այն ներկայացրել իրենց ընտանիքը սպասարկող` ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի Աբովյանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության տեսուչ, առաջատար մասնագետ Հայկանուշ Սիմոնյանին:

Վերջինս, ըստ մեղադրանքի, 2012թ. սեպտեմբեր ամսին ստանալով տեղեկանքը և տեղեկանալով Հասմիկ Մանուկյանի ընտանիքում կատարված փոփոխության` ընտանիքի մեկ երեխայի բնակության այլ վայր տեղափոխելու մասին, ինչն ազդում է վերջինիս ընտանիքի ձեռք բերած անապահովության միավորի վրա, ինչի պատճառով այդ ընտանիքը կորցնում է ընտանեկան նպաստի իրավունքը, նշվածի մասին հայտնել է Հասմիկ Մանուկյանին: «Սակայն հանցավոր մտադրություն ունենալով գումարներ յուրացնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը պետբյուջեից հատկացված` պետական նպաստների հաշվից, Հասմիկ Մանուկյանի ընտանիքում տեղի ունեցած նշված փոփոխության վերաբերյալ ստացած տվյալները տեղեկատվական բազայում դիտավորյալ չի մուտքագրել, թույլ է տվել, որ Հասմիկ Մանուկյանի ընտանիքն ընդգրկվի 2012թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների ընտանեկան նպաստի ցուցակներում, ստանա 2 ամսվա նպաստի 27.000-ական դրամ գումարները և ետգանձում կատարելու համար նշված ընդհանուր 54.000 ՀՀ դրամ գումարները Հասմիկ Մանուկյանից համապատասխանաբար 2012թ. հոկտեմբերի 3-ին և նոյեմբերի 1-ին վերցրել է, սակայն ՀՀ պետբյուջե չի վերադարձրել և յուրացման եղանակով հափշտակել է: Դրա հետևանքով պետությանը պատճառել է գույքային վնաս` 54.000 ՀՀ դրամի չափով:

Մինչև դատաքննությունը սկսելն ամբաստանյալ Հայկանուշ Սիմոնյանը միջնորդել էր դատաքննությունն անցկացնել արագացված կարգով՝ հայտարարելով, որ համաձայն է մեղադրանքի հետ և որ իրեն առաջադրված մեղադրանքում լիովին մեղավոր է ճանաչում:

Մեղադրողն ու տուժողի ներկայացուցիչը չեն առարկել արագացված կարգով դատաքննություն անցկացնելու դեմ՝ վերջինս, մասնավորապես, նշել է, որ ամբաստանյալ Հայկանուշ Սիմոնյանից քաղհայցի պահանջ չունի, քանի որ վերականգնվել է հանցագործության հետևանքով պետությանը պատճառված գույքային վնասը: Դատարանը բավարարել էր միջնորդությունը, ինչպես նաև հիմնավորված հիմնավորված համարել Հ.Սիմոնյանին պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքը:

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս