ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն իրենց գյուղապետերին չեն առաջադրել
Ապրիլի 26-ին ավարտվեց Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի մի շարք գյուղական համայնքներում մայիսի 26-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը:
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջում տեղադրված տեղեկատվության, Արմավիրի Վարդանաշեն գյուղական համայնքի ղեկավարի ընտրություններին ինքնաառաջադրվել է 5 թեկնածու՝ գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Արթուր Մանուկյանը, նրա կուսակից Հայկ Սահակյանը և անկուսակցականներ Աշոտ Հայրապետյանը, Կարեն Հովհաննիսյանը, Գրիգոր Սահակյանը:
Շիրակի մարզի Ախուրիկ համայնքում առաջադրվել է գյուղապետի 3 թեկնածու: ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է գործող գյուղապետ, հանրապետական Վարդիթեր Գասպարյանը, ինքնաառաջադրվել են անկուսակցականներ Հայկ Մովսիսյանը և Սարգիս Սարգսյանը:
Կոտայքի մարզի Նուռնուս համայնքում ինքնաառաջադրվել է գյուղապետի 2 թեկնածու՝ գործող գյուղապետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Մնացական Գևորգյանը և անկուսակցական Վանիչկա Ոսկանյանը:
Լոռու մարզի Լեջան, Գեղարքունիքի մարզի Արծվանիստ և Սեմյոնովկա համայնքներում տեղի կունենան ավագանու ընտրություններ:
Լեջանում առաջադրվել է ավագանու 6 թեկնածու՝ 5 ՀՀԿ-ականներ և մեկ ՕԵԿ-ական:
Արծվանիստում առաջադրվել է 10 թեկնածու, որից 5-ը՝ ՀՀԿ անդամներ, 5-ը՝ անկուսակցականներ:
Սեմյոնովկայում առաջադրվել է 7 թեկնածու, որոնցից մեկն ինքնաբացարկ է հայտնել: Ավագանու անդամի 6 թեկնածուներից 5-ն անկուսակցական են, իսկ մեկը՝ ԲՀԿ-ական:
Լուսանկարը` armeniatv.com