Բաժիններ՝

Վարդան Ղուկասյանի եղբորորդին կալանավորվեց

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին՝ Վահե Ղուկասյանը, քիչ առաջ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվել է: Նախօրեին նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանություն, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասով՝ սպանության փորձ և 235-րդ հոդվածի առաջին մասով՝ ապօրինի զենք կրելը:

Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց մեղադրյալի պաշտպան Հայկ Ալումյանը, իր պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչում՝ իր վրա հարձակում է կատարվել, և ինքը որովայնի շրջանում ստացել է հրազենային վնասվածք: Վ.Ղուկասյանն իրեն «մեղավոր» է ճանաչում միայն, որ «հասցրել է պաշտպանվել»:

Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության հաղորդագրության, ապրիլի 23-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը: Վերջինս հիվանդանոցում մահացել է: Նրանք Գյումրիում առավել հայտնի են համապատասխանաբար «Քավոր Հարութ» և «Շեկո» մականուններով և համարվում են ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի շրջապատի մարդիկ։

Բացի Վահե Ղուկասյանից, այս գործի շրջանակներում ձերբակալվել է նաև Հարություն Խաչատրյանի, նույն ինքը՝ «Քավոր Հարութի» անչափահաս որդին՝ 1995 թվականին ծնված Գևորգ Խաչատրյանը՝ ապօրինի զենք պահելու կասկածանքով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս