«ԲՀԿ-ն փողոցում էլ է աշխատել, կաբինետային քաղաքականություն չի վարել»
Երևանի ավագանու անդամ, ԲՀԿ անդամ Գուրգեն Գասպարյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավը «գերազանց» չէ, բայց «լավ» է գնահատում: 168.am-ի հետ զրույցում Գ. Գասպարյանն ասաց, որ ողջունում է ԲՀԿ-ի «անմիջական» քարոզարշավը՝ բակային հանդիպումները, շփումը մարդկանց հետ, որոնց, նրա հավաստմամբ, «հավաքված ու բերված մարդիկ չկան»:
«Նախօրոք մարդկանց ասվում է, որ ԲՀԿ-ականները գալու են, լինում է նաև, որ բնակչությանը չի զգուշացվում, ու մեր թեկնածուները քայլերթ են անցկացնում համայնքում: Սա շատ լավ քարոզարշավ է, կարծում եմ»,- մեզ հետ զրույցում ասաց Գուրգեն Գասպարյանը:
Ինչ վերաբերում է մյուս կուսակցությունների քարոզարշավին, ԲՀԿ-ական անդամը չի հապաղում գնահատական տալ. «Նրանց աշխատանքը կերևա ընտրությունների արդյունքով: Ով լավ է աշխատել, հասցրել է այդ ընթացքում ծանոթացնել իր կատարելիք ու կատարած աշխատանքների մասին՝ կունենա արդյունք»:
Անդրադառնալով հնչող կարծիքներին, թե ԲՀԿ-ն ավագանու ընտրություններին ավելի ընդդիմադիր քարոզարշավ է վարում՝ հաշվի առնելով բնակիչների հանդիպումների ժամանակ ԲՀԿ-ականների կողմից իշխանությանն ուղղված քննադատական ելույթները, ԲՀԿ-ական ներկայացուցիչն ասաց. «ԲՀԿ-ն երբևէ կողմ չի գնացել այն երևույթներին, որոնք դեմ են եղել ժողովրդին, մենք երբևէ կողմ չենք եղել Հայաստանի չզարգանալուն կամ վատ տնտեսություն, պետություն ունենալուն: Այս մասով՝ ինչը տեսել ենք, որ վատ է, մենք միշտ էլ արձագանքել ենք, բարձրացրել ենք այդ հարցերը:
Այսօր էլ մենք միտված ենք այս գործին: Բազմաթիվ կուսակցություններ այսօր կոչ են անում, թե իբր մենք անընդհատ… Ես ինքս՝ լինելով ԲՀԿ ավագանու խմբակցության ղեկավարը, բազմիցս կոչ եմ արել, որ նման բան չկա: «Բարև, Երևանը», Հանրապետականը ասում են, թե ԲՀԿ-ն միշտ կողմ է քվեարկել ու քվեարկում: Բայց նման բան չկա. մենք աշխատել ենք՝ փողոցում էլ ենք աշխատել չորս տարի, չենք վարել կաբինետային կամ նիստից նիստ քաղաքականություն:
Մտեք քաղաքապետարան ու հարցրեք՝ որտե՞ղ են նստում ավագանիները: Ու ձեզ ցույց կտան մեր՝ ԲՀԿ-ի կաբինետի տեղը: Ես չեմ ուզում վատաբանել իմ գործընկերներին. իմ գործընկերներն են, բոլորն էլ մերն են, երևանցի են, բայց թե ինչքանո՞վ են մտածել Երևանի մասին…»:
Լուսանկարը՝ aravot.am-ի