Քաղաքական ուժերը Ծիծեռնակաբերդ կայցելեն նույն ժամին, բայց ոչ միասին
ՕԵԿ պատվիրակությունն այս պահին արդեն Ծիծեռնակաբերդում է, իսկ Կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը Եղեռնի զոհերի հուշահամալիր է այցելել ավելի վաղ՝ ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում:
«Ժառանգությունը», ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը Ծիծեռնակաբերդ են այցելելու կեսօրին 12:00-ին, բայց ոչ միասին:
Ինչպես տեղեկացրել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, կուսակցության անդամները 12:00-ին հանդիպելու են Ծիծեռնակաբերդի մուտքի մոտ և միասին կայցելեն հուշահամալիր:
Միևնույն ժամին, բայց արդեն Ազատության հրապարակում են հանդիպելու նաև «Ժառանգության» անդամները: «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Փաստինֆոյի» հետ զրույցում ոչ միայն չի բացառել, այլև շատ հավանական է համարել, որ մինչև երթի մեկնարկը Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթ կունենա Ազատության հրապարակում:
12:00-ին, բայց Սարյանի արձանի մոտից դեպի Ծիծեռնակաբերդ է շարժվելու նաև ՀԱԿ-ի պատվիրակությունը: Ինչպես տեղեկացրել է ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը, կուսակցության քայլերթին միանալու է նաև Լևոն Տեր-Պետրոսյանը: Ինչ վերաբերում է ելույթներին, այդպիսիք նախատեսված չեն: Ինչպես նշեց մեր զրուցակիցը, «ՀԱԿ-ի համար այսօր լռության օր է»:
ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն էլ «Փաստինֆոյին» տեղեկացրել է, որ ՀՀԿ-ն Ծիծեռնակաբերդ է այցելելու ոչ միասնական կազմով: «Մեր տարածքային կառույցները գնալու են առանձին-առանձին»,- նշեց ՀՀԿ փոխնախագահը:
ՀՅԴ գրասենյակից ևս հայտնել են, որ կուսակցության անդամները յուրաքանչյուրն իր տարածքային կառույցի, կամ կոմիտեի կազմում է հարգանքի տուրք մատուցելու Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: