Բաժիններ՝

«Օտպուսկի» հովանավոր՝ Տարոն Մարգարյան. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Որքան մոտենում են ավագանու ընտրությունները, այնքան կատարելագործվում են ընտրակեղծիքների մեթոդները: Արդեն մի քանի օր է, ինչ մենք ահազանգեր ենք ստանում. մեզ պատմում են, որ զինծառայողներին արձակուրդներ են տալիս, որ մայիսի 5-ին գան Երևան և մասնակցեն քաղաքապետի ընտրություններին:

Տեղեկատվություն ստացանք, որ զորամասերում հրամանատարներն են խոսում զինծառայողների հետ և ճշտում են՝ եթե արձակուրդ տանք, կկարողանա՞ք ձեր հարևան-բարեկամների քվեարկությունն ապահովել Տարոնի օգտին:

Եվ որոշ անձինք այցելում են այն ընտանիքներին, որոնք զինծառայող ունեն, և առաջարկում են Տարոն Մարգարյանին քվեարկելու դիմաց 5 օրով արձակուրդ ուղարկել իրենց զինվորին: Ծնողներն էլ, ծառայողներն էլ, բնականաբար, սիրահոժար համաձայնում են. նման առիթ՝ մի ավելորդ անգամ գալ արձակուրդ, միշտ չէ, որ կստեղծվի: Ուստի դրա դիմաց Տարոնի օգտին քվեարկելը նվազագույնն է, որին պատրաստ են զինծառայող ունեցողները:

Սա նշանակում է, որ իշխանությունը գործի է դրել իր բոլոր հնարավորությունները՝ կիրառելով թույլատրելի և անթույլատրելի մեթոդներ քաղաքացու քվեն ստանալու համար: Պաշտպանության նախարարությունից, ինչպես և սպասվում էր, հերքեցին մեր հավաստի տեղեկությունը: Նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նախ ասաց, որ ինքը ոչ մի բան չի կարող ասել «ինչ-որ ստոր անձանց, պատահական խաբեբաների արարքի մասին», ապա հետաքրքրվեց, թե բնակարաններ այցելողներն ովքեր են եղել՝ քաղաքացիակա՞ն հագուստով, թե՞ համազգեստով: Լսելով պատասխանը՝ արձագանքեց. «Քաղաքացիական անձն ով ա՞, որ մեր զինվորին արձակուրդ ուղարկի»:

Գուցե պայմանավորվածությո՞ւն կա նախարարության և այդ «քաղաքացիական հագուստով» անձանց միջև՝ նորից հարցրինք: «Տենց բան չի կարա լինի: Դա բացառված է»: Իսկ եթե այդ մարդիկ համազգեստով լինեին, կնշանակեր, որ պայմանավորվածությո՞ւն կա: «Եթե համազգեստով լինեին, այդ ժամանակ առարկայորեն կխոսեինք, բայց ասեմ, որ չի կարող լինել ոչ մի անօրինական համագործակցություն»,- եղավ ՊՆ մամուլի խոսնակի պատասխանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս