Վահան Մովսիսյան. Երևանի ավագանու ընտրություններ՝ քաղաքակա՞ն թե՞ վարչական գործընթաց (տեսանյութ)
Ներկայացնում ենք ձեզ Երևանի մամուլի ակումբի «Այլ կարծիք» վիդեո-բլոգի 20-րդ թողարկումը:
ԵՄԱ ծրագրերի համակարգող Միքայել Զոլյանը զրուցում է Երևանի ավագանու ընտրությունների մասին` տեղական ինքնակառավարման հարցերով փորձագետ, Համայնքների ֆինանսիստների միավորման նախագահ Վահան Մովսիսյանի հետ:
Երևանի ավագանու ընտրությունը քաղաքակա՞ն, թե՞ զուտ վարչական կամ կենցաղային բնույթի գործընթաց է: Այսօր տեղի ունեցող բանավեճերում այդ հարցին տրվող պատասխանը սովորաբար կախված է քաղաքական դիրքորոշումից:
Ընդդիմության կողմնակիցները դիտարկում են Երևանում կայանալիք ընտրությունները նախևառաջ քաղաքական հարթության մեջ. որոշ ուժերի համար դրանք նախագահական ընտրությունների շարունակությունն են, այլ, նախագահական ընտրություններին չմասնակցած, քաղաքական ուժերի համար` այսպես ասած «զրոյից սկսելու» կամ քաղաքական դաշտում դիրքերը վերականգնելու հնարավորություն: Ակնհայտ է, որ ընդդիմադիրներն ընկալում են Երևանի ընտրությունները որպես որոշակի փուլ` ամբողջ երկրում իշխանափոխություն իրականացնելուն ուղղված պայքարի շրջանակներում: Իշխանամետ ուժերի շատ ներկայացուցիչներ, ընդակառակը, փորձում են անել ամեն ինչ, որ կայանալիք ընտրություններն ընկալվեն զուտ կենցաղային հարթության մեջ և համոզում են երևանցիներին, որ այս ընտրություններով ընդամենը լուծվում են, ենթադրենք, ասֆալտապատումը կամ աղբահանությունն ավելի լավ կազմակերպելու հարցերը: