
ԱՄՆ Գաղտնի ծառայությունը կանխել է Օբամային հասցեագրված «կասկածելի նյութով» նամակի տեղ հասնելը

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Գաղտնի ծառայությունը, որը զբաղվում է երկրի առաջին դեմքերի՝ ներառյալ նախագահի ու նրա ընտանիքի պաշտպանությամբ, կանխարգելել է Բարաք Օբամային հասցեագրված «կասկածելի նյութով» նամակի տեղ հասնելը:
Դեռ հայտնի չէ, թե կոնկրետ ինչ է եղել ծրարի մեջ, սակայն միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ հանրապետական սենատոր Ռոջեր Վիկերը ստացել է գերչակի թույնով (ռիցին) նամակ:
Օբամային հասցեագրված կասկածելի նամակը գտել են այն հատուկ հիմնարկում, որը գտնվում է Սպիտակ տնից դուրս և որտեղ հավաքվում են նախագահական նամակները: Իրազեկ աղբյուրը հայտնել է, որ նախագահի ծրարում հայտնաբերվածն իսկապես նման է գերչակի թույնին:
Տեղական ոստիկանությունն ու Հետաքննությունների դաշնային բյուրոն սկսել են զբաղվել այդ հարցով՝ պարզելու համար, թե որտեղից է եկել պոտենցիալ վտանգավոր այդ նամակը: