Քաղաքական ուժերը՝ բնապահպանական խնդիրների մասին
Երևանի հիմնական բնապահպանական խնդիրները երեքն են՝ էկոգիտակցության ցածր մակարդակ, օրենսդրական անկատարություն և կոռուպցիոն բարձր ֆոն: Այս մասին այսօր կազմակերպված քննարկման ժամանակ ասաց բնապահպան-ակտիվիստ Ապրես Զոհրաբյանը, ով քննարկման ժամանակ ներկայացնում էր ՀՅԴ դիրքորոշումը:
Վերջինս մատնանշեց Երևանի ևս մեկ խնդիր՝ օդային ավազանում օզոնի, ազոտի և փոշու անթույլատրելի կոնցենտրացիա: Բնապահպանի խոսքով՝ այս խնդիրը դժվար լուծվող չէ. Երևանն արդեն վաղուց պետք է ունենար պաշտպանիչ անտառներ: Հանդիպմանը ներկա «Հայ ազգային կոնգրես կուսակցության» ցուցակում ընդգրկված Եվա Թովմասյանն էլ ասաց, թե Երևանի կանաչապատումը վերջին տարիներին դեկորատիվ բնույթ է կրել. «Կատարված կանաչապատումը Երևանի օդի աղտոտման խնդիրը չի լուծել»:
Հանդիպմանը ներկա էին նաև Երևանի ավագանու ընտրություններին առաջադրված կուսակցությունների ներկայացուցիչներ: «Առաքելություն» կուսակցության ներկայացուցիչ Հրաչյա Սարգսյանն ասաց, որ Երևանում պետք է կատարվեն անտառների վերականգնման աշխատանքներ. «Այս պահին Բուսաբանական այգին գտնվում է խայտառակ վիճակում: Կարելի է ասել՝ ֆինանսավորում չկա»:
ԲՀԿ ներկայացուցիչ Գուրգեն Գասպարյանն էլ նշեց, թե Երևանում աղբավերամշակման գործարանների կառուցման խնդիր կա: Նա նշեց հատկապես Նուբարաշենի աղբավայրի խնդիրը:
ՕԵԿ Երևանի ավագանու ընտրությունների ցուցակում ընդգրկված Հրայր Սարգսյանը բարձրացրեց Երևանի գլխավոր հատակագծի վերանայման, բնապահպանական փորձաքննություն իրականացնող մարմնի առկայության հարցը: ՀԱԿ ցուցակում ընդգրկված Եվա Թովմասյանն առանձնացրեց թթվածնի, վտանգավոր արտանետումների, հանքերի շահագործման, որոշումների կայացման մեխանիզմների խնդիրները:
«Խախտվում է քաղաքի գլխավոր հատակագիծ-օրենքը: Դա օրենք է, որը խախտվում է ամեն օր ավագանու և անձամբ քաղաքապետի մասնակցությամբ»,- ասաց «Բարև, Երևան» դաշինքի ցուցակում ընդգրկված Սուսաննա Մուրադյանը:
Վերջինիս խոսքով՝ իրենց հաղթանակի դեպքում կկարգավորվի քաղաքաշինությունը, կանաչ տարածքները կվերադարձվեն քաղաքացիներին. «Ավտոբուսներ, մարշրուտկայի գծեր մենք չենք ունենալու, ինչպես այս քաղաքապետն ունի 32 համար՝ «Տարոն և Ռոբերտ» ՍՊԸ-ին պատկանող, «Z», «Միլենա», «Էլենա» տաքսիներ չենք ունենալու հաստատ»:
Հանդիպման ներկա «Հանուն կայուն մարդկային զարգացման» հ/կ-ի նախագահ Կարինե Դանիելյանը հարց ուղղեց հանդիպմանը ներկա կուսակացությունների ներկայացուցիչներին՝ Նուբարաշենի աղբավայրի վերաբերյալ: «Կիոտոյի արձանագրության շրջանակներում ճապոնացիները առաջարկել էին մեզ օգնել, առաջացող գազային գարշահոտությունը, որը գնում է այնտեղից, հիմնականում մեթան գազն է, այդ գազը հավաքել, ստանալ էլեկտրականություն: Չեն անում, անում են մասամբ: Դա է խնդիրը: Այնքան ձգձգեցին ստորագրումը, որ ճապոնացիները սպառնացին, որ ամբողջ աշխարհով մեկ Հայաստանի իշխանություններին անվստահություն կհայտարարեն, եթե այդպես շարունակվի: Դրանից հետո պայմանագիրը ստորագրեցին, բայց տրամադրեցին շատ ավելի փոքր տարածք:
Այն ընկերությունները, որոնք պետք է էներգիա ստանային, հեռացան, մնաց այն ընկերությունը, որը գազ է ստանում, այրում է՝ դեպի օդ է թողնում: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ այդպես եղավ»: Կարինե Դանիելյանի այս հարցին ներկա կուսակցությունների ներկայացուցիչներից ոչ մեկը գրեթե չանդրադարձավ: «Ինչ-որ մարդիկ հետաքրքրված են, որ նման որոշում չընդունվի»,- ասաց բնապահպան Ապրես Զոհրաբյանը: