Բաժիններ՝

«Ռազբոյ»՝ գանձապահի նկատմամբ

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի «Էլեկտրաֆիկացիայի և էլեկտրամատակարարման» ձեռնարկության գանձապահ Նադյա Շահինյանի վրա հարձակված երկու տղամարդու հարվածներն ուղղված են եղել արդեն գետնին ընկած կնոջ գլխին ու մարմնի տարբեր հատվածներին։ Նադյա Շահինյանը հարթակում մարմնով ընկել է մոտ 35 միլիոն դրամ գումարով լի պայուսակի վրա, ձեռքով ամուր բռնել է պայուսակի բռնակները, և իրեն պատճառված ցավից գոռացել ու օգնություն կանչել…

Նադյա Շահինյանի գոռոցից նրա հարսը` Լիանան, բացել է բնակարանի դուռը ու տեսնելով հարթակին ընկած իր արնաթաթախ սկեսրոջը, նրա վրա հարձակում գործած տղամարդկանց, գոռացել է, թե «մամային սպանում են» ՝ օգնության կանչելով բնակարանում գտնվող իր ամուսնուն` Անդրանիկ Շահինյանին ու սկեսրայրին` Վիկտոր Շահինյանին։

Այնուհանդերձ, հարձակվողներին հաջողվել է այդ ընթացքում Նադյա Շահինյանի ձեռքից հափշտակել կանխիկ գումարով լի վարդագույն տոպրակը, ինչպես նաև նրա ձեռքի սև կաշվե պայուսակը, աշխատավարձի ցուցակներով պոլիէթիլենային տոպրակը, ու մուտքի աստիճաններով վազել դեպի ներքև։ Ն. Շահինյանն, իր իսկ խոսքերով, ընկել է հիստերիայի մեջ, գոռացել, թե «հիմնարկի փողերը տարան»։ Հարսն իր հերթին է գոռացել է, թե «օգնեցեք, փողերը տարան»…

«Մանախ»-ի ու նրա գործընկերոջ սխրագործությունները

2011թ. օգոստոսի 8-ի երեկոյան կողմ Երևանի Խաղաղ Դոնի փողոցում ամենևին էլ խաղաղ չի եղել. շենքերից մեկի մուտքում և շենքի հարևանությամբ հնչել են կրակոցներ, ճիչեր, գոռոցներ, սպառնալիքներ… Կարճ ժամանակ անց ձեռնարկված միջոցառումների արդյունքում և քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ գանձապահի նկատմամբ ավազակային հարձակում կատարած անձինք Երևանում հաշվառված, մշտական բնակության վայր չունեցող, նախկինում չորս անգամ դատապարտված (ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասով, 222-րդ հոդվածի 2-րդ , ապա 3-րդ մասով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով և 34-177-րդ հոդվածի 1-ին մասով), «Մանախ» մականվամբ Արմեն Վարդանյանը և 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով դատապարտված Արամ Բարսեղյանն են:

2011 թ. օգոստոսի 8-ին «Հարավկովկասյան երկաթուղի›› ՓԲԸ գլխավոր գանձապահից իր պաշտոնեական պարտականությունների կատարման բերումով ստանալով 48 319 270 դրամ կանխիկ գումար և գալով ձեռնարկություն, Նադյա Շահինյանը սկսել է բաժանել բանվոր- ծառայողներին հասանելիք ամենամսյա աշխատավարձը: Նկատի ունենալով, որ հաջորդ օրը նախատեսել է գնալ Հրազդան քաղաք` մարզում աշխատող հիշյալ ձեռնարկության բանվոր- ծառայողներին հասանելիք աշխատավարձը բաժանելու, աշխատանքային օրվա վերջին դրամարկղի ողջ մնացորդ կանխիկ գումարը` 34 957 000 դրամը, լցրել է վարդագույն կտորից կարված և շղթայով փակվող, երկու բռնակներ ունեցող պայուսակի մեջ` այն տուն տանելու (դրա իրավունքը չունենալով) և հաջորդ օրը տանից Հրազդան մեկնելու նպատակով։

Ժամը 18։20-ի սահմաններում ձեռքին ունենալով նշված պայուսակը, ինչպես նաև իր անձնական կաշվե սև գույնի պայուսակը` իրեն պատկանող 166 000 դրամ կանխիկ գումարի պարունակությամբ, ձեռնարկության գանձապահը գնացել է տուն։ Իջնելով գործընկերոջ ավտոմեքենայից , մտել է իրենց շենքի մուտք և վերելակով մենակ բարձրացել։

Ըստ մեղադրական եզրակացության՝ ավազակային հարձակում կատարելու դիտավորությամբ նախապես համաձայնության եկած, գործի քննությամբ չպարզված անձից վերոնշյալ մանրամասներին նախապես տեղեկացած ու շենքի բակում գանձապահին սպասող Արմեն Վարդանյանը և Արամ Բարսեղյանը տեսել են դեպի շենքի մուտք քայլող Նադյա Շահինյանին։ Նրանցից Արամ Բարսեղյանը, ում մոտ եղել է խոհանոցային դանակ և սպորտային պայուսակ, առաջ անցնելով շենքին մոտեցող Նադյա Շահինյանից, նախապես բարձրացել և դարանակալել է վերելակից 4-րդ հարկի հարթակ դուրս եկող Նադյա Շահինյանին, իսկ ապօրինի ձեռք բերված, համարանիշերը ջնջված, 6 փամփուշտով լիցքավորված «ՊՄ›› մակնիշի ատրճանակով զինված Արամ Վարդանյանը շենքի մուտքով ոտքով բարձրացել է դեպի 4-րդ հարկ։

Ժամը 18։30-ի սահմաններում Նադյա Շահինյանը, վերելակից դուրս գալով, ոտք է դրել 4-րդ հարկի հարթակի վրա, որտեղ գտնվում է նրա բնակարանը։ Այդ պահին քիչ վերևից իջնելով 4-րդ հարկի հարթակ, Արամ Բարսեղյանը թիկունքից մոտեցել է Նադյա Շահինյանին և տուժողի համար անակնկալ հարձակում գործելով նրա նկատմամբ, վերջինիս կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով` բութ, կոշտ առարկայով հարվածելով Ն. Շահինյանի գլխին, նրան գցել է 4-րդ հարկի հարթակին ու շարունակել հարվածներ հասցնել` ցանկանալով Նադյա Շահինյանից խլել նրա ձեռքի հիշյալ պայուսակները։ Նույն պահին 3-րդ հարկից 4-րդ հարկ է բարձրացել Արմեն Վարդանյանը և միանալով Արամ Բարսեղյանին, հարձակվել Ն. Շահինյանի վրա, Ա. Բարսեղյանի հետ շարունակել է բազմաթիվ հարվածներ հասցնել արդեն գետնին ընկած կնոջը:

Հիշյալ ավազակային հարձակման հետևանքով տուժող Նադյա Շահինյանին պատճառվել է միջին ծանրության վնաս` աջ և ձախ աչքերի վերին և ստորին կոպերի աջ ակնագնդի սպիտակուցաթաղանթի, աջ այտային շրջանի և աջ դաստակի հետին մակերեսի արյունազեղումների, ձախ ծնկահոդի շրջանի առաջային մակերեսի քերծվածքների, ճակատային շրջանի սալջարդ վերքի, աջից` վերծնոտային խոռոչի բոլոր պատերի, այտոսկրի և նրա աղեղի, աջից ստորին ծնոտի հոդային ելունի կոտրվածքների ձևով։

Օգնության կանչով բնակարանից դուրս եկած, գործով տուժողներ Անդրանիկ և Վիկտոր Շահինյանները հետապնդել են աստիճաններով դեպի ներքև վազող Արամ Բարսեղյանին և Արմեն Վարդանյանին։

Դեպքի պահին շենքի բակում գտնված, գործով տուժող Հարություն Ֆերոյանը մուտքից լսելով ավազակային հարձակման ենթարկված Նադյա Շահինյանի ճիչերը, մտածելով, որ իր երեխայի հետ ինչ-որ բան է պատահել, մուտքի աստիճաններով արագ վազել է դեպի վերև և հասնելով 2-րդ հարկի հարթակ, դեմ հանդիման տեսել է աստիճաններով դեպի ներքև վազող ամբաստանյալներ Արմեն Վարդանյանին և Արամ Բարսեղյանին։ Նրանցից Արմեն Վարդանյանը, որի քթի հատվածում վիրակապ է եղել՝ դեմքին ամրացված սև կպչուն թաղանթով, ձեռքերին ունենալով սև և վարդագույն երկու պայուսակները, Հարություն Ֆերոյանին հրելով մի կողմ, աստիճաններով իջել է դեպի 1-ին հարկ։ Այդ պահին 4-րդ հարկից լսելով Նադյա Շահինյանի բղավոցը, թե «բռնեք գողերին, փողերս տարան››, հասկանալով, որ նշված անձինք են հանցագործները, Հ. Ֆերոյանը բռնել է Արամ Բարսեղյանի պարանոցից, բռունցքով հարվածել է նրա դեմքին, որից Արամ Բարսեղյանը կքանստել է:

Այնուհետև Հարություն Ֆերոյանը քաշել և Արամ Բարսեղյանին տարել է հարթակի մյուս կողմը` հարևանուհի Անժելայի դռան մոտ, մի քանի հարված հասցրել Արամ Բարսեղյանին` նրա դիմադրությունը կոտրելու համար, այդ թվում Ա. Բարսեղյանի գլուխը հարվածելով հարևանուհի Անժելայի դռանը, քանի որ Բարսեղյանն ակտիվ ճիգեր է գործադրել Հ. Ֆերոյանի ձեռքերից դուրս պրծնելու և փախուստի դիմելու նպատակով, որը, սակայն, նրան չի հաջողվել։ Այդ պահին Արմեն Վարդանյանը, գտնվելով 1-ին և 2-րդ հարկերի աստիճանների միջակա հարթակի վրա, իր թիկունքի մասից ատրճանակը հանել և պահելով անմիջապես իր դիմաց կանգնած Հ. Ֆերոյանի վրա, պահանջել է բաց թողնել իր հանցակցին` Ա. Բարսեղյանին։

Հարություն Ֆերոյանը համոզված լինելով, որ Արմեն Վարդանյանի ձեռքինը խաղալիք ատրճանակ է, դիմել է նրան, թե` «այ կլոուն, պահիր խաղալիքդ», սակայն Ա. Վարդանյանը Ֆերոյանի համար անսպասելի կերպով ատրճանակից կրակել է վերև՝ իր գլխավերևում գտնված աստիճանին։ Այդ պահին վերևի հարկից 2-րդ հարկի հարթակ են իջել Նադյա Շահինյանի որդին` Անդրանիկը և ամուսինը` Վիկտորը, ովքեր բռնել են Արամ Բարսեղյանին, նրան տարել վերելակի կողմը, ֆիզիկական ուժի գործադրմամբ գցել հարթակին՝ թույլ չտալով նրա փախուստը։ Այդ ընթացքում Արմեն Վարդանյանը 2-րդ հարկի աստիճանների վրայից շարունակել է օդ կրակել` պահանջելով բաց թողնել իր հանցակից ընկերոջը։

Այս իրական թրիլերի շատ արագ զարգացող իրադարձությունների հորձանուտում հայտնված Հարություն Ֆերոյանը բարձրացել է 4-րդ հարկ, նրանից հետո Արմեն Վարդանյանն անցնելով Անդրանիկ և Վիկտոր Շահինյանների ու Արամ Բարսեղյանի մոտով, բարձրացել է դեպի 3-րդ հարկ տանող աստիճանների վրա և կրակել 3-րդ հարկի աստիճանահարթակից դեպի 4-րդ հարկ բարձրացող աստիճանների տակամասային մակերեսին: Սակայն հինգ կրակոց արձակելուց հետո տեսնելով, որ Արամ Բարսեղյանին բաց չեն թողնում, վերցնելով նաև վերջինիս պատկանող սպորտային պայուսակը, ատրճանակի վերջին` 6-րդ փամփուշտն օգտագործելով, ներսից կրակելով մուտքի դռան վրա, մուտքից դիմել է փախուստի։

Արամ Բարսեղյանի փախուստը կանխելու հարցում Անդրանիկ և Վիկտոր Շահինյաններին օգնել են շենքի բնակիչներ, ոստիկանության աշխատակիցներ, հայր և որդի Վաչագան և Արթուր Հակոբյանները, ովքեր ձեռնաշղթաներ են հագցրել Արամ Բարսեղյանի ձեռքերին և հանձնել իրենց գործընկերներին։ Ի դեպ, 2-րդ հարկի հարթակից հայտնաբերվել են պոլիէթիլենային տոպրակի մեջ դրված ռոճկացուցակները և Ա. Բարսեղյանի կրած խոհանոցային մեծ շեղբով դանակը։

Իջնելով ներքև, Հարություն Ֆերոյանը և Վիկտոր Շահինյանը վազել են շենքի բակ` նպատակ ունենալով հետապնդել ամբաստանյալ Արմեն Վարդանյանին: Աղմուկի և կրակոցների ձայները գրավել են մուտքի բնակիչների և բակում գտնված անձանց ուշադրությունը, ովքեր պահի ազդեցության տակ շտապել են օգնության։ Մանախին վնասազերծել է գործով որպես վկա անցնող Գնել Սարգսյանը, ով ֆիզիկական ուժի գործադրմամբ Ա. Վարդանյանի ձեռքից վերցրել է նրա մոտ գտնվող ատրճանակը, Նադյա Շահինյանից հափշտակված վարդագույն կտորից եւ սև կաշվից պայուսակները՝ գումարներով հանդերձ և դրանք հանձնել քիչ անց իրեն մոտեցած Անդրանիկ Շահինյանին, իսկ ատրճանակը` շենքին ավելի ուշ մոտեցած ոստիկանության աշխատակիցներին։
Թեև ամբաստանյալ Արմեն Վարդանյանին հաջողվել է փախուստի դիմել, սակայն երկար ժամանակ չի կարողացել թաքնվել: Ոստիկանության աշխատակիցների և քաղաքացիների իրականացրած ակտիվ որոնողական միջոցառումների արդյունքում նա նույն օրը երեկոյան հայտնաբերվել ու ձերբակալվել է։

Ձորաղբյուրի դրվագ և արդարացում

Արմեն Վարդանյանին և Արամ Բարսեղյանին նախաքննական մարմինը մեղադրանք էր առաջադրել ոչ միայն այս դրվագի, այլ նաև Ձորաղբյուրում գտնվող առանձնատներից մեկի վրա կատարված ավազակային հարձակման համար։ Ըստ մեղադրանքի՝ նրանք մտել էին Արտյոմ Վարդանյանի առանձնատուն՝ կենդանիների և թռչունների վանդակների ախտահանման պատրվակով և ատրճանակի գործադրման սպառնալիքով, տան սպասուհի Մարինե Սուքիասյանի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով` նրա առողջությանը կարճատև քայքայումով թեթև մարմնական վնասվածք պատճառելով, նրանից գումար, ոսկյա և թանկարժեք այլ իրեր ու զարդեր պահանջել։ Ըստ նախաքննության՝ ավազակային հարձակման ժամանակ հափշտակվել էր 500 000 դրամ արժողության «Սոնի» մակնիշի տեսախցիկը և ֆոտոխցիկները, Մարինե Սուքիասյանին պատկանող 20 000 դրամ գումարը, ինչպես նաև 1 650 000 դրամ ընդհանուր արժեքով 2 հատ ակոսավոր և 1 հատ ողորկափող որսորդական հրացաններ։

Սակայն դատարանն այս մեղադրանքը հիմնավոր չի համարել։ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (նախագահող դատավոր` Վլադիմիր Գրիգորյան) 2013 թ. ապրիլի 11-ի դատավճռով Ձորաղբյուր գյուղում Մ. Սուքիասյանի նկատմամբ ավազակային հարձակման դրվագով Ա. Բարսեղյանի ու Ա. Վարդանյանի մասնակցությունը նշված հանցանքի կատարման մեջ ապացուցված չի համարվել և այդ դրվագով ամբաստանյալներն արդարացվել են։

Երևանի դրվագ և 15-17 տարվա ազատազրկում

Միաժամանակ, ըստ նույն դատավճռի, Ն. Շահինյանի նկատմամբ ավազակային հարձակման դրվագով հիմնավորված է համարվել ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները։ Դատարանը, ինչպես հիշյալ դատավճռում է նշված, հետազոտված ապացույցները գնահատելով համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա` հիմնված ներքին համոզմամբ, գտնում է, որ հետազոտված ապացույցներով ապացուցվել է ամբաստանյալներ Արմեն Վարդանյանի և Արամ Բարսեղյանի մեղքը Երևանի դրվագով` 08.08.2011թ. նախնական համաձայնությամբ հիշյալ շենքում Նադյա Շահինյանի նկատմամբ ավազակային հարձակմամբ վերջինիս կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով տուժողից վերոնշյալ գումարները հափշտակելու, ինչպես նաև Ա. Վարդանյանի կողմից ապօրինի կերպով հրազեն հանդիսացող ատրճանակ կրելու և այն ավազակային հարձակման ընթացքում գործադրելու մեջ:

Դատարանը վճռել է ամբաստանյալներ Արամ Բարսեղյանին և Արմեն Վարդանյանին մեղավոր ճանաչել տուժող Նադյա Շահինյանի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքի (ավազակությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու նպատակով) կատարման մեջ և նրանցից յուրաքանչյուրին դատապարտել ազատազրկման 15 տարի ժամկետով՝ անձնական գույքի 1/2-րդի բռնագրավմամբ:

Դատարանը տուժող Նադյա Շահինյանի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դրվագով ամբաստանյալ Արմեն Վարդանյանին մեղավոր է ճանաչել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ և նրա նկատմամբ կիրառել քրեական պատիժ ` դատապարտելով ազատազրկման 2 տարի ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի հիմքով նշանակված պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու կարգով` հանցանքների համակցությամբ, ամբաստանյալ Արմեն Վարդանյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակել ազատազրկում 17 տարի ժամկետով` անձնական գույքի 1/2-րդի բռնագրավմամբ:

Արթուր Հովհաննիսյան
«Փաստինֆո»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս