
Ո՞ւմ է պատկանում վրացական թունելում վառված հայկական կոնյակը

Այսօր վրացական լրատվամիջոցները տեղեկատվություն էին հրապարակել, որ «Ռուիս» թունելում այրվել էր Հայաստանից Փոթի տեղափոխող 30 տոննա կոնյակով բեռնատարը:
168.am-ի հարցին, թե արդյո՞ք այդ կոնյակը պատկանում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի օղու, գինու և կոնյակի գործարանին, ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը պատասխանեց՝ ոչ, կոնյակը Գ. Ծառուկյանի գործարանաին չէր պատկանում:
Կատարվածի մասին փորձեցինք որոշակի տեղեկատվություն ստանալ նաև ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պատասխանատու Արմեն Մալխասյանից: Վերջինս ասաց, թե քանի որ դեպքը տեղի է ունեցել Վրաստանում, այդ մասին տեղեկատվություն կարող է տրամադրել Արտաքին գործերի նախարարությունը:
Ինչևէ, Հայաստանից Փոթի տեղափոխվող բեռնատարի մասին փորձեցինք որոշակի տեղեկատվություն ստանալ Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանից: Վերջինս նշեց, որ բեռնատարը հայկական համարանիշով չի եղել: «Թրեյդ մեքենա է եղել, և ես հետաքրքրվել եմ Հայաստանում առկա 3 թրեյդ մեքենաների ընկերություններից, որոնք նշել են, որ իրենց չի պատկանում այդ բեռնատարը»,- ասաց Հ. Համբարձումյանը՝ հավելելով, թե որևէ այլ տեղեկատվություն չունի: