«Սերժ Սարգսյանի խոսքը միջազգային օլիգարխիայի տրամաբանության մեջ էր»

Օրեր առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը հայտարարել էր, որ ապրիլի 9-ին «մենք ունենալու ենք ներկայացուցչական ժողովրդավարության խրտվիլակի դիակը»: Այս կապակցությամբ galatv.am-ի հետ զրույցում Աշոտ Մանուչարյանը նշել է. «Անկասկած, դա տեղի ունեցավ, մենք տեսանք, որ Ազատության հրապարակում ողջ ժողովուրդը, փաստորեն, գոյություն ունեցող կառավարման համակարգից հրաժարվեց ՝ ինչ-ինչ բառեր և բանաձևեր ներկայացնելով, սրա հիմնական բանախոսը Րաֆֆին էր, և մերժումը շատ հստակ տեղի է ունեցել այդ համակարգի, իրենք դա ձևակերպեցին որպես երրորդ հանրապետության մերժում, որը ներկայացուցչական դեմոկրատիայի վրա հիմնված համաշխարհային կողոպուտի համակարգի հայաստանյան մասնաճյուղն էր, և մեր ժողովուրդը մերժել է, ուրիշ բան է, որ դրա փոխարեն առաջացավ դատարկ տեղ, որն ունի իր վերնագիրը ՝ «Ժողովրդի իրական իշխանություն», բայց ինչպես դա պետք է իրականացնել՝ այ դա մնաց առայժմ առկախ»:

Հարցին, թե ինչպես պետք է «լցնել» այդ դատարկ տարածությունը, Մանուչարյանը պատասխանեց, որ դրա հիմնական երաշխավորը մեր ժողովուրդն է, որն ունի անսպառ մտքի ու էներգիայի շտեմարան և տեղին չեն այն կարծիքները՝ խփեցին, չստացվեց, ոչինչ չի ստացվելու, քանի որ, Մանուչարյանի խոսքերով, 25 տարի շարունակ մեր ժողովուրդը ապացուցում է, որ ինքն ավելի ամուր է, քան ներկայացնում են տարբեր ամբիոններից: Անդրադառնալով Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը՝ Աշոտ Մանուչարյանը նշել է, որ դա համակարգի մահը վկայող երկրորդ գործողությունն էր.

«Այդ արարողությունը ցույց տվեց, որ համակարգում այդ տրամաբանությամբ գործող մարդիկ բացարձակապես չեն կարողանում որևէ քայլ անգամ անել այն անհրաժեշտ ուղղությամբ, որը կոչվում է Հայաստան: Այդ օրը այդտեղից սպասվում էր, քանի որ ժողովուրդը մեծ խռովքի մեջ է, որ նա մերժել է այս կյանքը, մերժել է այսպիսի կարգը, որ կլինի երկու խորհուրդ՝ մեկը Սերժ Սարգսյանից, մյուսը՝ կաթողիկոսից, Սերժ Սարգսյանից կստանար նրա հղումը ժողովրդին, որ ինքը պատրաստ է, անկախ նրանից՝ ինչ կարգով, ում կամքով է հայտնվել այդտեղ, պատրաստ է ժողովրդի կամքը իրականացնել և ձեռք բերել ժողովրդի ծառայի այն կարգավիճակը, որն ինքը ուզում է ներկայացնել: Նա այդ բանից չօգտվեց, նրա խոսքը կրում էր բացարձակ ֆորմալ բնույթ և միջազգային օլիգարխիայի կամ, ինչպես վերջերս եմ օգտագործում, Տիզբոնի տրամաբանության մեջ էր: Ցավալիորեն իր միսիան նաև չկատարեց կաթողիկոսը, որովհետև կաթողիկոսից սպասվում էր այս խոշորագույն մարտահրավերների իրավիճակում, որ օգտագործի իր կարգավիճակն ու ամբիոնը, միասնականության խոսք ասի և ասի խոսք փոփոխության, որ այս կյանքը փոխում ենք այլ կյանքի, որի մասին այդքան երկար քարոզել է հայ առաքելական եկեղեցին, բայց այդ բանը տեղի չունեցավ»,- եզրափակել է Աշոտ Մանուչարյանը:

Տեսանյութեր

Լրահոս