Մեղմ ասած՝ երկրի վիճակը բարվոք չէ. Վարդան Օսկանյան

ՀՀ նախկին արտգործնախարար, Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում քննադատել է գործող իշխանությանն ու ներկայացրել երկրի առաջընթացի սեփական պատկերացումները:

«Հիմա, երբ արդեն տեղի է ունեցել նախագահի երդման արարողությունը, ինչ-որ տեղ հանդարտվել է փողոցը, և հաշվի առնելով, որ շուտով կնշանակվի վարչապետ և կառավարություն, որը կներկայացնի իր ծրագիրը, պահն է, որ սթափ և սառը, առանց ձևականությունների և բաց աչքերով նայենք իրականությանը: Մեղմ ասած՝ երկրի վիճակը բարվոք չէ: Վերջին հինգ տարիների ընթացքում, մենք կարող ենք ասել, որ լավագույն դեպքում տեղում դոփել ենք: Քաղաքական մթնոլորտը անառողջ է, քաղաքական կոնֆիգուրացիան չի արտահայտում ժողովրդի կամքը:

Տնտեսական ոլորտում պատկերը էապես չի փոխվել. 2012թ. մեր ՀՆԱ-ն իր բացարձակ արժեքով մոտավորապես նույնն է, ինչ 2008թ., բայց զուգահեռաբար մեծացել է աղքատությունը, արտաքին պետական պարտքը և նվազել են օտարերկրյա ներդրումները:

Այս գրառումն անելուն ինձ դրդել է երկու հանգամանք:

Առաջինը, որ նախագահն իր երդմնակալության ելույթում հատկանշական մի ակնարկ արեց, ասելով. «Նաև շնորհակալ եմ նրանց, ովքեր իրենց ձայնը տվել են այլ թեկնածուների: Դրանով նրանք արտահայտել են իրենց դժգոհությունը երկրում առկա խնդիրների վերաբերյալ: Դրանով նրանք իշխանություններին հղել են հստակ ուղերձ՝ ավելի արդյունավետ աշխատելու պահանջ: Համոզված եղեք, որ բոլոր ուղերձները տեղ են հասել»: Այս արտահայտությունը հանրության մոտ բնական հարց է առաջացնում, թե նախագահն ինչպես է պատրաստվում գործել ժողովրդի պահանջները բավարարելու համար:

Երկրորդը, որ նախագահական ընտրությունների արդյունքում պաշտոնապես մոտ 600 հազար դեմ ձայների առկայությունը համընկավ իսկական Gallup-ի հարցման արդյունքների հրապարակմանը, ըստ որոնց՝ Հայաստանից արտագաղթել ցանկացողների թիվը 40% է, որն ամենաբարձր ցուցանիշն է նախկին խորհրդային 12 հանրապետությունների շարքում, այն դեպքում, երբ մեր երկու անմիջական հարևան երկրներում այդ թիվն ընդամենը 14% է: Սա բոլորովին այլ սրություն է հաղորդում շուրջ 600 հազար քաղաքացիների բողոքին և առավել հրատապ է դարձնում իշխանությունների կողմից կադրային և բովանդակային քաղաքականության փոփոխությունը՝ ամենակարճ ժամանակում շոշափելի արդյունքների հասնելու համար:

Ես՝ որպես ՀՀ սովորական քաղաքացի՝ առանց հավակնելու նախագահին խորհուրդներ տալու, կուզենայի ներկայացնել, թե ինչպես եմ պատկերացնում այդ պահանջների բավարարումը: Իհարկե, այս ցուցակը կարող է շատ երկար լինել և վերաբերել թե՛ ներքին ու արտաքին, թե՛ տնտեսական քաղաքականությանը: Ես կբավարարվեմ՝ ներկայացնելով ընդամենը մի քանի ներքաղաքական նկատառումներ, որոնք կարծում եմ՝ հիմնական գրավականն են այլ ոլորտներում որևէ առաջընթաց արձանագրելու համար:

Առաջին, չխրախուսել այն, ինչ կեղծ է և իմիտացիա: Այսօր այս երկուսը քաղաքական վիճակի և գաղջ մթնոլորտի հիմնական պատճառներն են: Դա արվում է թե՛ իշխանությունների, թե՛ քաղաքական այլ ուժերի կողմից: Ֆեյսբուքյան կեղծ գրառումներից, սոցիալական սուտ հարցումներից, իրավիճակի աղճատված ներկայացումից սկսած՝ մինչև ընդդիմադիր քողի տակ իշխանության կողմից վերահսկվող լրատվամիջոցների գործունեություն. ժողովուրդն այլևս ոչնչի չի հավատում: Այս երևույթն իր բացասական հետևանքներն է ունենում և փչացնում է մի ամբողջ սերնդի, որի զարգացման և տեղեկատության աղբյուրը հենց դրանք են:

Երկրորդ, հնարավորինս արագ առողջացնել քաղաքական մթնոլորտը՝ իշխանական առավել հանդուրժողականություն ցուցաբերելով քաղաքական այլ ուժերի, անհատների գործունեությանը: Վերջիվերջո ընդունել, որ քաղաքական մենաշնորհը կառավարման արդյունավետ միջոց չի եղել, և այսօր մրցակցության, հակաշիռների առկայության և պատասխանատվությունը կիսելու ճանապարհով միայն հնարավոր կլինի երկրում առաջընթաց ապահովել և լուծել ժողովրդի առաջ ծառացած խնդիրները:

Երրորդ, առաջնորդող դեր վերցնել երկրում ձևավորելու այն օրակարգը, որ տարիներ շարունակ առաջարկվում է ոչ իշխանական ուժերի կողմից: Այդ օրակարգի ձևավորման գործընթացը և արդյունքները էական փոփոխություն կբերեն կառավարման համակարգում՝ հասարակությանը վստահություն և հույս հաղորդելով երկրի ապագայի նկատմամբ»,- գրել է Վարդան Օսկանյանը:

Տեսանյութեր

Լրահոս