«Արայի» սեփականատիրոջ «ինքնասպանության» գործն առաջ չի գնում

Արդեն 1,5 տարի է անցել «Արայ» ՍՊԸ-ի սեփականատեր Արմեն Պետրոսյանի կասկածելի «ինքնասպանությունից», սակայն իրավապահները դեռ նախաքննությունը շարունակում են և որևէ նորություն չունեն: Ժամանակ առ ժամանակ hetq.am-ի հարցերին ոստիկանության լրատվության վարչությունից հենց այս պատասխանն են տալիս. «Նորություն դեռ չկա, ընթանում է նախաքննություն»:

Hetq.am կայքը հիշեցնում է, որ 2011թ. հոկտեմբերի 16-ին Սևան-Երևան ավտոմայրուղուց Գետամեջ տանող հողածածկ ճանապարհին կայանված «ԲՄՎ X5» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել էր31-ամյա Արմեն Պետրոսյանի դիակը` քունքի մասում հրազենային վնասվածքով: Իսկ նրա աջ ձեռքին եղել էր «ՏՏ» մակնիշի ատրճանակ՝ մատը ձգանին դրած:

Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ «Ինքնասպանության հասցնելու» և «Ապօրինի զենք-զինամթերք» հոդվածների հատկանիշներով: Գործը քննողները պարբերաբար հարցազրույց էին տալիս և հայտարարում, որ նախաքննական մարմինն ավելի ու ավելի է հակվում ինքնասպանության վարկածին:

Այս «հակումը», ըստ երևույթին, չփոխվեց նաև այն բանից հետո, երբ «Հետքը» հրապարակեց մի տեսագրություն, որում «Արայ» ընկերության մահացած սեփականատիրոջ՝ Արմեն Պետրոսյանի նախկին կնոջ՝ Տատյանա Չադենկովայի և ոմն Արթուրի «Skype»-ով խոսակցությունն է: Այն առնվազն թույլ է տալիս ենթադրել, որ իրականում սպանության վարկածն ամենևին բացառված չէ: Ավելին՝ զրույցի ընթացքում ուղղակիորեն խոսվում է զենքի և սպանության մասին:

Տեսագրության հրապարակման և դրան հաջորդած իրադարձությունների արդյունքում գործի քննությունը փոխանցվեց ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը: Եվ սրանով ոստիկանության համար, կարծես թե, ամեն ինչ ավարտվեց: Ժամանակն անցնում է, իսկ գործը տեղից չի շարժվում:

Ո՞վ է Տատյանա Չադենկովայի «Skype»-ի ցրուցակից ոմն Արթուրը, իրավապահները գտե՞լ են նրան, մինչ օրս անհայտ է. ոստիկանությունը նախաքննության քողի տակ ոչինչ չի ասում: Իսկ «Հետքի» Մոսկվայի աղբյուրը պնդում է, որ նա գործարար է և իր բիզնես գործունեություն ծավալում է Մոսկվայում: Վերջինս խնդիրներ է ունեցել ինչպես «Արայի» սեփականատեր Արմեն Պոտրոսյանի, այնպես էլ մոսկվայաբնակ հայազգի այլ գործարարների հետ:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Տեսանյութեր

Լրահոս