Զաֆրան` արքաներին վայել գույնը

Բուժիչ նամակներ

Հիրիկազգիների ընտանիքին պատկանող բազմամյա, մինչև 15 սմ բարձրությամբ բույս է։ Արմատը պալարասոխուկ է, պալար կամ սոխուկ։ Զաֆրան գարնանայինը սոխարմատավոր ծաղկաբույս է։ Բնության մեջ հանդիպում է Միջին Ասիայում, Կովկասում, Եվրոպայում. գրանցված է «Կարմիր գրքում»։

Սոխուկի մաշկը բաց մոխրագույն է, չոր, ստորին գագաթից առանձնանում են բազմաթիվ արմատաթելիկներ։ Տերևները 6-9 հատ են, նեղ նշտարաձև, ի հայտ են գալիս ծաղկման ընթացքում։ Ծաղկակիր ցողունի հիմքը ծածկված է բաց կանաչավուն, թաղանթանման թեփուկների խիտ շերտով։ Յուրաքանչյուր ցողունի վրա աճում է 1 (երբեմն` 2) ծաղիկ։ Ծաղիկները երկսեռ են, խոշոր, բուրավետ, ծաղկաթերթիկները` բաց մանուշակագույն` մուգ և սպիտակավուն երկայնքային բծերով։ Ծաղկակոթունը շատ կարճ է, ծաղկապատն ունի կոնաձև կառուցվածք` նեղ, մինչև 10 սմ խորությամբ։ Ծաղկապատի հիմքից սկիզբ է առնում առէջը, որը գագաթային մասում բաժանվում է 3-6 փողանման բացվածք ունեցող հատվածների։

Հնագույն ժամանակներում առէջներն օգտագործվել են բուրավետ ներկ պատրաստելու համար` ներկել են կաշվեղեն և կտորեղեն։
Մերձավոր Արևելքի և Առաջավոր Ասիայի երկրների տիրակալները հագել են զաֆրանի գույնի` վառ ծիրանագույն-կարմիր կոշիկներ, իսկ ազնվականների կանայք` զաֆրանի գույնով ներկված զգեստներ։

Միջնադարում զաֆրանը լայն տարածում է ստանում` որպես ուտեստներին հաճելի գույն և բուրմունք հաղորդող համեմունք։ Անգլիայի Հենրի 8-րդ (1509-1547թթ.) արքան արգելում է օգտագործել զաֆրանը` որպես ներկանյութ։
Առէջները հավաքում են ձեռքով` հատիկ առ հատիկ, նոր բացվող ծաղիկներից, և անմիջապես չորացնում։ Ընդամենը մեկ գրամ զաֆրանի համեմունք ստանալու համար պետք է մշակել մոտ 200 ծաղիկ։ Հնուց հայտնի է «թանկ է` ինչպես զաֆրանը» ասացվածքը։ Միջնադարում զաֆրանը կեղծող հանցագործին այրել են խարույկի վրա կամ ողջ- ողջ թաղել։

Եվրոպայում 9-րդ դարից մշակվում է զաֆրան ցանովին (Crocus sativus), որը ներմուծել են արաբները։ Ներկայումս` քրքումը (crocus) մշակվում է նաև Ֆրանսիայի հարավում։
Զաֆրանի ընդամենը երկու «փողիկը» բավարար է, որպեսզի 3 լ ջուրը ստանա վառ ծիրանագույն երանգ։

Բույսի բուժիչ հատկությունների մասին իմացել են հին եգիպտացիները, բույսը նկարագրել են Հիպոկրատը և Ավիցենան։

Հայազգի նշանավոր բժշկապետ Ա. Ամասիացին գրել է. «Քրքում (զաֆրան) ամրացնում է սիրտը, բայց պետք է զգուշանալ չարաշահումից, քանի որ դրա մեծ չափաբաժինները վնասակար են (նույնիսկ` մահացու)։ Զաֆրանը թեթևացնում է շնչառությունը, միզամուղ է, ավելացնում է սեռական կարողությունը»։

ՀՀ բնական պայմաններում միջին լեռնային գոտուց մինչև ալպյան գոտի տարածված են զաֆրան հրաշալի և զաֆրան Ադամի տեսակները։ Աճում են անտառների բացատներում, կանաչապատ լանջերին, թփուտներում, գետահովիտներում, վարելահողերում և այլուր։ Ադամի տեսակը ծաղկում է մարտ-մայիսին։ Զաֆրան հրաշալին ծաղկում է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։

Զգուշացում։ ՀՀ-ում, հատկապես հարավային շրջաններում տարածված է վայրի քրքումը (նույն ինքը` խոզ պանդրուկ, ձյունածաղիկ, նավրոս, սորնջան, շնդեղ)։

Առեղծվածային բույս է, բուսաճական յուրահատկությունն այն է, որ գարնանը հողից դուրս են գալիս տերևները, ամռանը բույսը դառնում է աննկատ, իսկ աշնանը ծաղկում է։ Ծաղիկը շատ նման է քրքումին, առէջները վեցն են։ Շնդեղը (Colchicum autumnale) նույնպես ունի բուժիչ հատկություններ, սակայն կարևոր է իմանալ, որ բույսի բոլոր մասերը թունավոր են։

Զաֆրանը պարունակում է խեժեր, գլյուկոզա, ճարպային թթուներ, մոտ 1 տոկոս եթերային յուղ, գլիկոզիդ կրոցին, B խմբի վիտամիններ, կարոտինային նյութեր։ Ժամանակակից հետազոտողները կարծում են, որ առէջներն ունեն օրգանիզմի էներգետիկ բալանսը կարգավորող հատկություն, ինչի շնորհիվ վերացվում կամ չեզոքացվում են` հատկապես տարիքի հետ օրգանիզմում կուտակվող «ազատ ռադիկալները», այլ կերպ ասած` զաֆրանն ունի արդյունավետ հակաօքսիդանտ հատկություն։ Առէջներից ստացված պատրաստուկները հնագույն ժամանակներից համարվել են օրգանիզմը երիտասարդացնող բալասան։

Առջէները ունեն նաև հակաբորբոքային, ցավազրկող, հակակարկամային, աշխատունակությունը բարձրացնող հատկություններ։ Բույսն ունի կիրառման մեծ ոլորտ. գլխացավի, աղեստամոքսային համակարգի գործունեության խանգարման, լյարդի, լեղապարկի, երիկամների հիվանդությունների, դաշտանային պարբերության խախտման, սեռական անուժականության դեպքում։ Կիրառվում է նաև սիրտ-անոթային հիվանդությունների, անեմիայի, բրոնխների ասթմայի, նյութափոխանակման խանգարման, կոնյուկտիվիդի, մաշկային ցանի (կորյակներ) բուժման համար, արագացնում է վերքերի սպիացումը։

Ըստ նորագույն տվյալների` զաֆրանի առէջներից ստացվում է դեղորայք, որը լավ արդյունքներ է ապահովում մի շարք հիվանդությունների համալիր բուժման ընթացքում. ուռուցքաբանական, նևրոզներ, երիկամների և միզապարկի բորբոքումներ, լեղու քանակության ավելցուկ։
Զաֆրանից ստացված պատրաստուկները մաքրում են լյարդը թույներից, իջեցնում են խոլեստերինի մակարդակը, վերականգնում են ուղեղի վնասված բջիջները։

Ժողովրդական դեղատոմսեր

Ստենոկարդիա. 1 թ/գ զաֆրանի մանրացրած առէջը 1 ժամ թրմեք 250 մլ զտված ջրում, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ։
Բրոնխիտ. 1 թ/գ առէջը 30 րոպե թրմեք 100 մլ եռջրում։ Խմեք 2-ական ճ/գ` օրը 3 անգամ։
Միզաքարային հիվանդություն. 100 գ գոլացրած մեղրի մեջ լուծեք 1 թ/գ զաֆրանի փոշիացրած առէջները։ Կերեք 1-ական թ/գ` նախաճաշից և ընթրիքից առաջ։
Միգրեն. Մանրացրեք 2-3 առէջ, խառնեք հալեցրած կարագի մի քանի կաթիլի հետ, ներմերսեք քթի ռունգերին` դիմային կողմից։
Լյարդի հիվանդություններ. 500 մլ սառը (նախօրոք չեռացնել) ջրի մեջ լցրեք զաֆրանի առէջի 3-5 փողիկներ և չամիչի 10-15 միջին չափի հատիկներ` 8 ժամ թրմեք։ Խմեք 100-150-ական մլ` օրը 5-6 անգամ (կարելի է պատրաստել օրը 2 անգամ` նույն չափաքանակով)։ Թուրմն ունի արյունը մաքրող հատկություն։
Աչքի հիվանդություններ. Խառնեք զաֆրանի առէջի փոշի և վարդաջուր (1։1)։ Քսեք կոպերին (1-2 կաթիլ)։
Կոնյուկտիվիդ. 1 թ/գ առէջը 20 րոպե թրմեք 200 մլ ջրում, դրեք թրջոցներ։ Թուրմը կիրառում են նաև չիբանի դեպքում։
Չոր մաշկի խնամք. Խառնեք հավասար քանակի մեղր, թթվասեր և փոշիացրած առէջ։ Քսեք դեմքին, 20 րոպեից լվացեք գոլ ջրով` ունի խոնավացնող, փափկեցնող հատկություն։

«168 ԺԱՄ»

Julo-Girq1-113x160 (1)Հ.Գ. Արդեն վաճառքում է Ջուլիետա Սահակյանի հեղինակած «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը, որը վաճառվում է «Նոյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից։

Տեսանյութեր

Լրահոս