Նիկոլաս Մադուրոն պատրաստ է Չավեսի աշխատասենյակը վերածել թանգարանի
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ մտադիր է Կարակասում գտնվող Միրաֆլորես նախագահական նստավայրի զգալի մասը հանձնել Ուգո Չավեսի և բոլիվարական հեղափոխության պատմության թանգարանին.
«Մենք Միրաֆլորեսի մեծ մասը կվերածենք հեղափոխության պատմական թանգարանի և ձեռք չենք տա «կոմանդանտե» Չավեսի աշխատասենյակին: Ինձ համար՝ որպես իշխող ուժի նախագահի թեկնածու, կարևոր է, որ ժողովուրդը գա և ծանոթանա այն տեղի հետ, որտեղ աշխատել է Չավեսը»:
Իր համար Մադուրոն մտադիր է վերցնել ոչ մեծ աշխատասենյակ, որը կգտնվի շինության մյուս թևում: Միրաֆլորես նստավայրը Կարակասի կենտրոնում կառուցվել է դեռևս 19-րդ դարում: Այն Վենեսուելայի նախագահների պաշտոնական նստավայր է դարձել 1900 թվականից:
Վենեսուելայում նախագահական արտահերթ ընտրություններն անցկացվելու են ապրիլի 14-ին: