Հ.Սահակյանի համար այդպես էլ անհասկանալի մնաց՝ ինչո՞ւ Ր.Հովհաննիսյանը հացադուլ հայտարարեց

Եթե սթափ գնահատենք քաղաքական պրոցեսները, մասնավորապես հացադուլը, կարող ենք ասել, որ այն տանում էր դեպի փակուղի: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը՝ անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլից դուրս գալու որոշմանը:

«Դրական է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է դուրս գալ հացադուլից, նստել, խոսել, քննարկել խնդիրներն ու հարցերը: Հացադուլի տեղում, վայրում երկխոսելը մի փոքր անիրատեսական է: Եթե մարդ հացադուլ է հայտարարել իր գաղափարների կամ տեսակետների համար, կամ դրանով իր անհամաձայնությունն է հայտնում, իրավիճակից դուրս գալու ելքը բանակցություններն են»,- ասաց Հովհաննես Սահակյանը:

Վերջին պատասխան-նամակում Սերժ Սարգսյանը խնդրել էր Րաֆֆի Հովհաննիսյանին դուրս գալ հացադուլից՝ երկխոսությունը շարունակելու համար: Հովհաննես Սահակյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը կարելի՞ է գնահատել որպես կոմպրոմիսային քայլ՝ Սերժ Սարգսյանի խնդրանքին ի պատասխան: Այս առնչությամբ ՀՀԿ պատգամավորը նշեց.

«Եղել է փոխադարձ նամակագրություն, որը որոշ ժամանակ անց տվեց իր դրական էֆեկտը: Դրանից ավել նամակագրական կապը դրական տեղաշարժ տալ չէր կարող, որովհետև լուրջ հարցերի շուրջ բանակցությունների մասին, չեմ կարծում, որ նամակով, հեռակա կարգավիճակում կարելի էր քննարկում անցկացնել: Դրա համար հացադուլից դուրս գալն ու բանակցությունների սեղանի շուրջ նստելն ամենաճիշտ տարբերակն էր այս փուլի համար, ինչը կտա իր դրական արդյունքը: Իսկ որտե՞ղ պետք է բանակցեին Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը. Ազատության հրապարակո՞ւմ: Չեմ կարծում՝ դա էֆեկտիվ կլիներ»:

Կարդացեք նաև

Հովհաննես Սահակյանը անկեղծացավ, որ իր համար անհասկանալի մնաց այն հանգամանքը, թե ի վերջո ինչո՞ւ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ հայտարարեց: «Ինչ-որ ժամանակահատվածում հացադուլը, անշուշտ, թողեց իր տրամադրությունը, բայց նամակագրություններից հետո խորքային բանակցությունները հացադուլի տրամաբանության մեջ չէին տեղավորվում: Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցնում է հացադուլն ու նստում համեմամատական ավելի լուրջ քննարկելու որոշակի հարցեր, կարծում եմ, սա դրական կլինի»,- մասնավորեցրեց նա:

Տեսանյութեր

Լրահոս