Ջոն Քերին ու Էլմար Մամեդյարովը քննարկել են NDI-ի հարցը. APA

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այս մասին գործակալությանը հայտնել են դիվանագիտական աղբյուրները:

Վերջիններիս հաղորդմամբ՝ հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրության կենտրոնում եղած հարցեր, այդ թվում նաև Ադրբեջանում ամերիկյան Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) գործունեությունը և Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի կարգավիճակի փոփոխման հարցը:

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ տեղյակ չէ այդ հեռախոսազրույցի մասին:

Հիշեցնենք, որ ադրբեջանցի լրագրող Էյնուլա Ֆաթուլաևն Ադրբեջանում NDI-ի ներկայացուցչության ղեկավար Ալեքս Գրիգորիևին մեղադրել էր Ադրբեջանում «Ֆեյսբուքյան հեղափոխություն» իրականացնելու փորձի մեջ:

Դրանից հետո Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևը հայտարարել էր, որ եթե հաստատվեն Էյնուլա Ֆաթուլաևի «Երկու միլիոն դոլար Ադրբեջանում «ֆեյսբուքյան» հեղափոխության համար» հոդվածում տեղ գտած տեղեկությունները, ապա իրենք ստիպված կլինեն դադարեցնել NDI-ի հետ իրենց համագործակցությունը:

Մարտին Ադրբեջանի ԱԳՆ-ը դիմել էր ԵԱՀԿ-ին՝ մտադիր լինելով մինչև նախագծային-կոորդինացիիոն մակարդակի նվազեցնել Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի կարգավիճակը:

Տեսանյութեր

Լրահոս