Արատների պատճառը էկոլոգիա՞ն է
Անի Սուքիասյանն, արդեն քանի ամիս է, գտնվելով Հայաստանի առողջապահական հաստատություններում, վստահեցնում է, որ մեր հանրապետությունում անհավանական մեծ թիվ են կազմում հիդրոցեֆալիա հիվանդությամբ նորածինները:
Նա արդեն քանի ամիս ականատես է լինում, թե ինչպես են այս հիվանդությամբ երեխաներից ծնողները հրաժարվում, ինչպես են երեխաները մահանում կամ վիրահատական միջամտությունից հետո հատուկ սարքավորումներով ապրում: Ասում է. «Երբ մենք հիվանդանոցում էինք, միայն այդ ժամանակ նման հիվանդությամբ 30 երեխա կար: Շատ դաժան էր տեսնել, թե ինչպես է երեխան մահանում, կամ ինչպես են լքում ծնողները, երբ իմանում են, որ արատով երեխա է»:
Հիդրոցեֆալիան գլխուղեղում և ողնուղեղում կուտակված հեղուկի ավելցուկի հետևանքով առաջացած հիվանդություն է, որը լինում է թե՛ ի ծնե, թե՛ ձեռքբերովի: Այն առաջանում է ներծծման խանգարումների, գլխուղեղում հեղուկի ավելցուկի և դրա դժվար արտահոսքի հետևանքով, օրինակ՝ ուռուցքների, բորբոքային պրոցեսների հետևանքով կպումների ժամանակ: Այս հիվանդությամբ երեխաները ծնվում են մեծ գլխով, հետագայում հեղուկի գերավելցուկի դեպքում՝ գլխի տրամագիծը կարող է ավելի մեծանալ: Գլուխն ընդունում է գնդի տեսք, դուրս ցցված ճակատով, գաղտունը մեծանում է, փքվում, գանգի ոսկորները բարակում են: Երեխան սկսում է ֆիզիկապես ուշ զարգանալ, ինչպես նաև՝ հիվանդությունը բերում է մտավոր թերզարգացման: Ըստ պաշտոնական տվյալների՝ հիդրոցեֆալիան կամ գլխի ջրգողությունը կազմում է արատների մոտ 30%-ը:
«Դեպքեր գիտենք, որ պատվաստման հետևանքով է հիվանդությունն առաջացել»
21-ամյա Անին ասում է, որ հղիության ինն ամիսներն անցել են բնականոն հունով՝ առանց խնդիրների: Ծննդաբերությունը նույնպես անցել է հարթ, որից հետո երեխան պատվաստումներ է ստացել և դուրս է գրվել ծննդատնից՝ որպես միանգամայն առողջ նորածին: «Արդեն 25 օրական էր, շատ պատահական նկատեցինք, որ երեխայի թևատակերին կապտուկներ են առաջացել, այնուհետև հաջորդ օրն արդեն ոտքերի շրջանում դրանք նույնպես ի հայտ եկան: Շտապօգնություն կանչեցինք և արագ տեղափոխեցինք հիվանդանոց: Հետազոտություններից հետո ախտորոշվեց հիդրոցեֆալիա հիվանդությունը, որի ժամանակ ուղեղում ջուր է հավաքվում»,- պատմում է Անին՝ վստահեցնելով, որ երեխային տեղափոխել են Արաբկիր բուժկենտրոն, այնուհետև՝ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: 7 ամսական Մարիայի հարազատները հավաստիացնում են, որ դեպքեր գիտեն, համաձայն որոնց՝ այս հիվանդության առաջացման պատճառ են հանդիսացել նորածնային պատվաստումները: Երեխայի տատիկը՝ տիկին Լեռնուհին, ասում է, որ պատվաստումների հետևանքով առաջացող այս ծանր հիվանդությունը, բնականաբար, նորածինների հարազատների կողմից ապացուցվող չէ. «Ծածկադմբոց են անում, բայց շատ դեպքեր գիտենք, որ այդ պատվաստումների հետևանքով երեխաների մոտ տարբեր արատներ են առաջացել: Մեր իրականության մեջ քիչ չեն դեպքերը, երբ անորակ կամ ժամկետանց դեղորայքով են դա անում: 48 ժամվա ընթացքում նորածիններին դեղնախտի և հեպատիտ C-ի դեմ պատվաստումներ են կատարում: Մեր երեխան ծնվել է առողջ, համենայնդեպս, իրենք դուրս են գրել` որպես առողջ երեխա, իսկ, թե ինչո՞ւ է հիմա ուղեղում ջուր հավաքվում՝ մեզ ոչ ոք պատճառը չի մեկնաբանում»,- ասում է Մարիայի տատիկը՝ տիկին Լեռնուհին:
Այդուհանդերձ, Մարիա Սուքիասյանին 1 ամսական հասակում վիրահատել են՝ փորձելով հեռացնել գլխուղեղի հեղուկը, սակայն երեխայի վիճակն առանձնապես չի բարելավվել: Ներկայումս փոքրիկ Մարիան ապրում է մարմնում տեղադրված հատուկ սարքավորման օգնությամբ: «Սարքավորումը ենթամաշկային է, որի մի խողովակը մտնում է ուղեղ, իսկ մյուսն իջեցվում է որովայն: Երեխան հիմա մասնագետների խիստ հսկողության տակ է: Հայաստանում միակ մասնագետը՝ նեյրովիրաբույժը, «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնում է: Այս հիվանդությունը բուժվող է, բայց միմիայն դրսի կլինիկաներում»,- ասում է տիկին Լեռնուհին՝ հավելելով, որ երեխայի մոտ թե ֆիզիկական, թե մտավոր զարգացումը դանդաղում է: Հայաստանյան մասնագետները երեխայի կյանքը փրկելու որևէ երաշխիք չեն տալիս, իսկ գլխուղեղում տեղադրված սարքավորումը ժամանակավոր հեռացնում է անընդհատ գոյացող հեղուկը: Երեխայի մայրն ու տատիկը ոչ միայն ուսումնասիրել են Գերմանիայում, Լոնդոնում գտնվող կլինիկաների` այս հիվանդության բուժման եղանակներն, այլև՝ ճանաչում են հիդրոցեֆալիա արատով երեխաների, ովքեր եվրոպական կլինիկաներից վերադարձել են միանգամայն առողջ: Տիկին Լեռնուհին հավատացնում է, որ անգամ հայաստանյան մասնագետներն են ընդունում, որ Եվրոպայում այս հիվանդության բուժման եղանակները թեև կան, բայց հայ մասնագետները չեն տիրապետում դրանց: Ավելին՝ այնտեղ գոյություն ունեն հատուկ այս հիվանդության կանխարգելման համար սարքավորումներ, որոնց տեղացի մասնագետները ծանոթ չեն: «Բուժաշխատողների անփութության հետևանքով երեխան խեղդամահ էր լինում, ուղիղ երկու օր շնչահեղձ վիճակում էր, որի հետևանքով նաև թոքերի խնդիր ունեցավ: Բանն այն է, որ կրծքավանդակի շրջանից երակային ներարկում էին արել, կաթիլայինի ժամանակ ասեղը փախել էր, ու ամբողջ հեղուկը լցվել օրգանիզմի մեջ: Երեխային կապտած, ահավոր վիճակում տեղափոխել են ու տեսել են՝ մի թոքն ամբողջությամբ ջրի մեջ է, իսկ մյուսն էլ հազիվ էր աշխատում. երեխան մի կերպ շնչել է: Մանկաբույժը գալիս, թոքերը լսում էր՝ չէր հասկանում: Առավոտից իրիկուն ցավազրկող էին ներարկում, մինչև որ երկու օր հետո պարզեցին՝ ինչումն է բանը: Մինչև այդ թոքերը նկարել էին և ասել էին, որ ամեն ինչ լավ է: Կատարվածից հետո մենք պահանջեցինք հին ռենտգենները, բայց պատճառաբանում էին՝ իբր կորել է, հիվանդանոցից անհետացել էր»,- պատմում է Մարիայի տատիկը՝ տիկին Լեռնուհին:
Շատերը հրաժարվում են երեխաներից
Ի դեպ, մասնագիտությամբ լինելով կենսաբան՝ նա վստահեցնում է, որ նախկինում հիդրոցեֆալիան Հայաստանում հազվագյուտ պատահող հիվանդություն է եղել: Մինչդեռ ներկայումս այն ամենատարածված արատներից է: «Այն, ինչ տեսնում ենք՝ պետք է մտահոգի մեր երկրի վերնախավին, հատկապես առողջապահության պատասխանատուներին: Մենք ականատես ենք եղել, թե հիդրոցեֆալիա հիվանդությամբ որքան շատ երեխաներ կան հիվանդանոցներում: Տեսել ենք՝ ինչպես են ծնողները լքել: Շատերը հասկանում են, որ բարդ հիվանդություն է, և ելնելով հնարավորությունների սղությունից՝ հրաժարվում են երեխաներից: Վերակենդանացման բաժնում երեխա կար, որին աղջիկս էր խնամում մեր երեխայի հետ: Շատ դաժան իրականություն է: Երբ իրենց հարցնում ես այս հիվանդության պատճառը, հորդորում են դիմել իրավապահ մարմիններին, կամ ունեն ևս մեկ բացատրություն՝ էկոլոգիան»,- ասում է տիկին Լեռնուհին, ով թեև փորձել է Մարիայի հիվանդության պատճառն ուսումնասիրել, այնուամենայնիվ, մասնագետներն ուղղորդել են նախաքննական մարմին՝ ասելով, որ իրենք իրավունք չունեն երեխայի ծնողներին պատճառների մասին ասել: Ի դեպ, մասնագետները երեխայի հարազատներին նաև տեղեկացրել են, որ իրենք «ոչ թե պատճառն են փնտրում, այլ՝ հետևանքն են բուժում»:
Նոր Նորքի 5-րդ զանգվածի բնակչուհի Լեռնուհի Էլարյանը դիմել է մեր խմբագրություն՝ երեխային եվրոպական որևէ երկիր տեղափոխելու համար օգնության ձեռք մեկնելու խնդրանքով: Մարիայի հարազատներն արդեն կապ են հաստատել Գերմանիայի և Լոնդոնի կլինիկաների մասնագետների հետ, որոնք միանշանակ պատրաստ են ընդունել երեխային, սակայն այդ վիրահատությունը բավականին թանկարժեք է: «Էստեղի մասնագետները նույնպես խորհուրդ են տալիս մեկնել, օրինակ, Գերմանիա, բայց շատ մեծ գումար է անհրաժեշտ: Մենք հաշվեհամար բացեցինք, մարդկանց խնդրեցինք աջակցել, բայց առայժմ շատ փոքրիկ գումար է փոխանցվել: Խնդրում ենք, ձեր թերթի միջոցով մարդկանց խնդրեք աջակցել երեխայի բուժման հարցում, հակառակ դեպքումգ»,- մեր ընթերցողներին խնդրանքով դիմում են փոքրիկ Մարիայի հարազատները:
Մարիա Սուքիասյանի անվամբ «Կոնվերս բանկում» բացվել է հետևյալ հաշվահամարը՝ «1930045956280100»։