Գագիկ Բեգլարյանը տաքսիո՞վ է գնում աշխատանքի (տեսանյութ)

Տաքսու մի խումբ վարորդներ այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել. պատճառը դեղին համարանիշերը վերացնելու՝ կառավարության որոշումն է: Վարորդների հետ հանդիպեց և նրանց խնդիրները քննարկեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Նա նշեց, որ տաքսու վարորդների այս բողոքի ակցիաները կազմակերպում են որոշ անձինք, ովքեր նախկինում գումարներ էին ստանում, իսկ կառավարության փոփոխությունների հետևանքով՝ այլևս գումար ստանալու հնարավորությունից զրկվում են: Նախարարը նշեց, որ տաքսու վարորդները որոշակի գումար էին տալիս որոշ անհատ ձեռներեցների՝ հարկային հաշվետվությունների կազմման ու Հարկային տեսչություն ներկայացման համար: Վարորդներից մեկն ասաց, որ  յուրաքանչյուր ամիս դրա համար վճարել է 3000 դրամ:

«Մենք այս մարդկանց զրկել ենք բիզնեսից՝ ի օգուտ տաքսիստների, այսինքն՝ տաքսիստները   ամսական 3000 դրամ տալիս էին, որպեսզի հաշվապահական թղթեր ձևակերպեին: Տաքսու վարորդն ինքն անձամբ չի կարողանում հաշվապահական թղթեր ձևակերպել: Այս մարդիկ կազմակերպել են, ձևակերպել են, իրենք վերցրել են այդ 3000 դրամները, 3000 չի, ավելի շատ է, ավելի մեղմ ասաց վարորդը, վերցրել են, հաշվապահական թղթերը ներկայացրել են Հարկային, այս մարդկանցից գումար են գանձել: Բուժծառայության համար ամսական 5000 դրամ փող են վերցրել, պեչատ են տվել»,- ասաց Գագիկ Բեգլարյանը՝ նշելով, որ մի քանի հասարակական կազմակերպություններ, որոնք աշխատում էին տաքսու վարորդների հաշվին, փոփոխությունների արդյունքում գումարներ են կորցնում։

«Երբ զրուցում ես վարորդների հետ, դուք բոլորդ նկատեցիք, նրանք միանգամից հասկացան ու շատ շնորհակալ են: Մնացածը բոլորը դերակատարումներ են, մնացածը բոլորը շոու է, որ մարդիկ կատարում են, որպեսզի այն վարորդները, որոնք մանրամասն չեն տիրապետում, այդ մարդկանց հաշվին գումարներ աշխատեն»,- ասաց նախարարը:

Խոսելով տաքսու վարորդների հետ՝ նա հիշեցրեց, որ, երբ ներմուծվում էին դեղին համարանիշերը, շատ վարորդներ իրենց դժգոհությունն էին հայտնում դրանից, քանի որ ցանկություն ունեին մեքենան նաև սեփական հարցերի համար օգտագործել: «Հիշում եմ մի մարդու ասածը՝ գնամ խնամուս տուն՝ աղջիկ ուզելու, չեմ ուզում, որպեսզի դեղին համարներով գնամ այդ մարդկանց տուն: Ի՞նչ կլինի, որ դեղին համարները վերացվեն, որ չլինեն: Երկրորդ, մենք ուզում ենք բժշկական թույլտվության համար, որ իրբև թե անցնում ենք, գումար չգանձվի: Մենք վատ տեխնիկական ստուգում չենք ուզում անցնենք ու վճարենք չգիտես՝ ում: Այս բոլոր հարցերը քննարկվել են, ու հիմա որ ներկայացնում ենք կառավարության որոշումն այս փոփոխություններով, այս մարդկաց ի օգուտ խնդիրներ են լուծվել»:

Վարորդներից մեկը նախարարին ասաց, որ հավասարություն է պահանջում. «Ես, 4 տարի է՝ հարկային դաշտում եմ: Շատ մեծ դժվարությամբ, մեծ ծախսերով ես մտել եմ այդ դաշտի մեջ, 4 տարի է՝ հարկեր եմ մուծում, 4 տարի ինձ հետ հավասար՝ ուրիշ վարորդներ են քշում, որոնք ոչ այս դաշտում են, ոչ հարկեր են մուծում: Ես ուղղակի հավասարություն եմ ուզում, ուզում եմ հարկերի իջեցում, ուզում եմ դեղին համարանիշերը մնան»: Գագիկ Բեգլարյանը նշեց, որ կառավարության նոր նախագիծը հենց հավասարության հաստատմանն է միտված: «Քաղաքացիական դիրքորոշում» հ/կ-ի նախագահ Գևորգ Դոստուրյանը նշեց, որ դեղին համարանիշերի առկայության պայմաններում պետությունը չի կարողացել հավասարություն ապահովել, և հիմքեր չկան հավատալու, որ այս նոր նախագծով կապահովվի այդ հավասարությունը:

Նախարար Գագիկ Բեգլարյանը նշեց, որ բողոքում են միայն սահմանափակ թվով տաքսու վարորդներ, քանի որ մյուսները գիտեն՝ այդ որոշումներն ընդունվել են հօգուտ իրենց: Նախարարի խոսքով՝ իր սուբյեկտիվ հաշվարկներով՝ տաքսիստներն ամսական 15000 դրամ կխնայեն. «Անհատների հետ եմ խոսել, տարբեր թվեր են ասում»:

Գագիկ Բեգլարյանն ասաց, որ վերացվել է նաև «ֆիկտիվ» բուժզննման ընթացակարգը: Նա հավատացրեց, որ փոփոխությունները մենաշնորհներ ստեղծելու համար չեն արվել. «Մի տեղ էլ գրել էին, չգիտեմ՝ ով էր գրել, նախարարը 10 մեքենա է բերել, տաքսի սերվիս է բացում: Չկան նման բաներ: Ուրեմն՝ ընդհակառակը, նախարարը մեկ-մեկ տաքսիով է գնում աշխատանքի, որ տաքսիստի հետ խոսի»: Մտավախությունները, որ փոփոխությունները մենաշնորհի են հանգեցնելու, Գագիկ Բեգլարյանը չկիսեց. «100 տոկոս չկա տենց բան այս պահին, ու երևի… Որովհետև գիտե՞ք ինչ, այսօր Հայաստանում յուրաքանչյուր մարդ իր սեփական մեքենայով աշխատում է, երևի պետությունն էլ դեմ կլինի, որ մեկը դառնա մոնոպոլիա»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս