ԱՄՆ-ը մերժել է Patriot-ների վերաբերյալ սիրիական ընդդիմության խնդրանքը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ վարչակազմը մերժել է սիրիական ընդդիմության խնդրանքը, որն առնչվում էր Թուրքիայում տեղակայված Patriot զենիթա-հրթիռային համալիրների օգնությամբ Սիրիայի հյուսիսային շրջանները պաշտպանելուն:
Սիրիական ընդդիմության խնդրանքը բավարարելը կնշանակեր Patriot-ների օգնությամբ կործանել Սիրիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներն ու ուղղաթիռները, որոնք ապստամբների դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար կհայտնվեին երկրի հյուսիսային շրջաններում:
Սիրիայի հեղափոխական ուժերի ու ընդդիմության Ազգային դաշինքի առաջնորդ Ահմեդ Մուազ ալ-Հաթիբը երեկ Դոհայում ընթացող Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գագաթաժողովում ունեցած ելույթում հայտարարել է, որ օրեր առաջ նման խնդրանքով դիմել է մերձավորարևելյան շրջագայության մեջ գտնվող ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին, ով խոստացել է մտածել տվյալ խնդրի շուրջ:
Լրագրողների հետ զրույցում Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին երեկ հայտարարել է. «Մենք ստացել ենք նման խնդրանք: Ներկա պահին ՆԱՏՕ-ն մտադիր չէ զինված ուժեր մտցնել Սիրիա: Ես կարծում եմ, որ Patriot հրթիռները, որոնք տեղակայվել են Թուրքիայում, կարող են ծառայել միայն որպես պաշտպանական միջոց, իսկ Թուրքիայի ռազմածովային ուժերը նախատեսված են սեփական տարածքի պաշտպանության համար»:
Հիշեցնենք, որ սրանից առաջ Թուրքիան քանիցս ԱՄՆ-ին առաջարկել է ոչ թռիչքային գոտի ձևավորել Սիրիայի հյուսիսում, սակայն ԱՄՆ-ը մերժել է դա: